ԲԵՆԻԿ Ծ. ՎԱՐԴԱՊԵՏ
(Տպուած է՝ Երեւան 1924 թուականին)
Կուսակրօնութիւնը
անառակութիւն է
Հայ Ժողովուրդը, լաւ ուշք դարձրու այս վերնագրին եւ լսիր ինձ։
Քրիստոսը ամուսնական խնդիրը բոլորովին ազատ է թողել. ով կամենում է, պէտք է ամուսնանայ։ Ամուսնանալը լաւ է պոռնկութիւնից։
Պօղոս առաքեալն ասում է. «Ամէն մարդ թող իր կինն ունենայ, որ չպոռնկանայ»։ Նոյն առաքեալը. «Ով որ ժուժկալ մնալ չի կարող, թող ամուսնանայ, որովհետեւ աւելի լաւ է ամուսնանալ, քան վառուել»։
«Եպիսկոպոսին վայել է, որ մի կին ունենայ»։
«Ամուսնութիւնը ամէն կողմից պատուական է եւ անկողինը սուրբ»։
«Ամուսնութիւնը Աստուծոյ արքայութեան համար առաքինութիւններ սովորեցնող մի դպրոց է»(Տէրտուղեանոս)։
«Ամուսնութիւնը հակառակ է բնական օրինեաց. եկեղեցին ընկել է ծայրայեղութեան մէջ՝ բնաւ չամուսնանալ» (Ներսէս Արքեպ. Մելիք- Թանգեան)։
«Եպիսկոպոս, երէց կամ սարկաւագ չհեռացնեն իրենց կնոջը երկիւղածութեան պատճառաւ. եթէ յամառին, թող կարգալոյծ լինեն»։ (Առաքելական կանոն 5-րդ յօդուած)։
«Եթէ եպիսկոպոսը, երէցը կամ սարկաւագը կը հրաժարուեն ամուսնութիւնից, մսից, գինուց, ոչ թէ ժուժկալութեան համար, այլ պիղծ համարելով եւ անարգելդ արարչագործութիւնը, դրանք կամ ուղղուեն կամ կարգալոյծ լինեն»։ (Առաքել. Կանոն 46-րդ յօդուած)։
«Նիկիոյ տիեզերական ժողովում որոշւում է եկեղեցականների ամուսնութիւնը ազատ թողել, ով կամենում է թող ամուսնանայ» (Սոկ. յեկ. պատմ.)։
Հայոց եկեղեցին եկեղեցականների ամուսնութիւն չէր ճանաչում մինչեւ V դարը։ Հայոց կաթողիկոսներն ամուսնաւոր էին։ Խադ եպիսկոպոսը, որին՝ իբրեւ սուրբի, եկեղեցին տօնում է, ամուսնացած էր։ Նրա աղջիկը Ապայունեաց իշխանի կինն էր։
Մեր եկեղեցին պաշտօնական որոշումով չունի ամուրիութեան համար։ Այդ հակաբնական կանոնը մտել է մեր եկեղեցին յունաց ազդեցութեամբ։
Ամուրիութիւնը մտել է քրիստոնէական պաշտօնական եկեղեցու մէջ հեթանոսութիւնից, հնդկական կրօններից։
Իսկ Քրիստոսը կործանել է բոլոր հեթանոսական կրօնները։
Կուսակրօնութիւնը հակաբնական է եւ դարձել է անառակութեան աղբիւր։
Երբ եկեղեցական ամուրիութիւնը հայոց մէջ մտաւ, նոյն եկեղեցւոյ մէջն էլ բոյն դրեց անառակութիւնը։ Այդ պարզապէս երեւում է եկեղեցական այն բազմաթիւ պատժական օրէնքներից, որ սահմանուած են անառակ եպիսկոպոսների եւ վարդապետների համար։
Սակայն վերջին ժամանակներում հայոց եկեղեցիներու ամուրիութիւնը լկտի անառակութիւն է դարձել, իսկ վանքերը՝ անառակութեան շկոլա, որտեղից անառակութիւնը ծաւալւում է հայ ժողովուրդի մէջ։
Այդ աստիճանի լկտի անառակութեան դէմ բողոքի ձայներ լսուեցին։ Մի քանի տարի՝ առաջ եկեղեցական ժողովի մի փորձ եղաւ Էջմիածինում ժողովականների մէջ ձայներ բարձրացան ամուրիութեան դէմ։ Պահանջ դրին վերացնել ամուրութիւնը, Թիֆլիսի քահանայութիւնը իր ժողովներում որոշել էր ամուրիութեան վերջ տալ եւ տպագրուած որոշումը ուղարկել էր Էջմիածին։
Սակայն բազմակնութեան սովոր ամուրիները խեղդեցին այդ ձայները եւ բարեփոխութիւնը չանցաւ։
Հին վանականութիւնը ամուրիութեան հետեւանքով եւ կանանց սակաւ այցելութեամբ վանքերին տարուած էր հակաբնական ախտերով, որի պատճառով շատերը խեղանդամ էին դառնում, մէջքի ուղեղի չորացումով եւ ոտների անդամալուծութեամբ քարշ էին տալիս իրենց թշուառ գոյութիւնը մինչեւ վաղահաս գերեզման։ Արուամոլութիւնը ընդունուած բարք դարձաւ վանքերում եւ անմեղ ու մոլորուած պատանիները հասակն առնելով արիւնարբու թշնամի դարձան վանքերին ու վանականներին։ Մեղաւոր չեն վանքերում դաստիարակութիւն եւ ուսումն ստացած տղաքը որ այսօր թքում են վանականների երեսին եւ իրենց փրոփականտան ուղղում վանական կեանքի դէմ։
Դրանցից մինը՝ Ճեմարանի մի աշակերտ, պատուի, զգացմունքի զարգացումով չկարողացաւ տանել ընկերների ակնարկները իր տխուր պատանեկութեան մասին եւ ճեմարանի երկրորդ յարկի լուսամուտից իրեն ձգեց, ջարդ ու փշուր եղաւ ու մեռաւ։
Աւելի պակաս մոլի վանականները հակաբնական ախտերից հեռու մնալու համար, աւելի բնականին էին դիմում։ Լեգենդա չէ, որ Էջմիածնի շէնքերի պարիսպներից գիշերները, երբ դարպասները փակ էին լինում, պարանով կապած կողովով կանայք էին քաշում պարիսպների վրայով դէպի վեր։ Լեգենդա չէ, որ յափունջիներում կոլոլուած, փափախներով ծածկուած կանայք մթանը վանական խցերն էին մտնում։
Իրականութիւն է, որ 90-ական թուականներ նոր սերունդը, ունեւորները, Թիֆլիսից հեռագրով անբարոյ կանայք էին պատուիրում եւ դրախտի գիշերներ» սարքում Վեհարանին կից Լաբիւրինթոս սենեակներում։ Բանն այնտեղ հասաւ, որ իր մաքրութիւնը պահած Տաճատ վարդապետը (յետոյ վերարկուն հանեց) ատրճանակով էր սպառնում այդպիսիներին եւ վախեցնում կանանց։
Վերջին տասնամեակներուն երբ վանքն այլեւս վանք չէ, ամենաուժեղ հոսանքը դէպի վանքը կանանց հոսանքն է՝ անառակութիւնն սկսաւ սանձարձակ դառնալ։
Լենինականի մի քահանայ բողոքել էր սիրողինա իր վատավարկ կնոջ դէմ եւ խնդրել էր լուծելի ամուսնութիւն։ Կինը մերժ առաւ բոլոր վանական ջոջերից, բոլորովին այցելեց նրան ջոջ սուրբերը սիրով ընդունեցին. «մատաղն իր ոտքովն է եկել»։ Եւ յանկարծ 2-3 ամիս վանականները ժամ չէին գալիս, հիւանդ էին։ Ի՞նչ է եղել։ Ոչինչ։ «Քամին տուել, մրսել էին…»։ Այս դէպքի մասին ես ժամանակին գրել եմ, եւ աւելացրել. «Ամուսնութիւնը, սէրը արգիլուած է Էջմիածնի համար, իսկ պոռնկութիւնը իրաւունք է»։
Ահա մի եպիսկոպոս, որի մօտ շաբաթը երկու անգամ կառքով մի-մի կին էր գալիս մօտակայ Ո. գիւղից։ Կառքը գալիս վանականները սովոր էին ասել. «Վանքի հարսը եկաւ»։ Եւ այդ ողորմելի «վանքի հարսին» վերջիվերջոյ ազգականները քարշ տուին տարան Հռիփսիմէի վանքի պարիսպներուն տակ եւ սպանեցին։
Ահա մի եպիսկոպոս ճանկել էր մի անմեղ սիրուն աղջիկ Նուարդ անունով, իբրեւ աղախին, նա այդ եպիսկոպոսի մօտ փչացաւ, նրանից էլ հիւանդացաւ, տեղափոխուեց մի վարդապետի մօտ եւ ինչ որ ստացել էր եպիսկոպոսից, իրաւամբ հաղորդեց վարդապետին։ Վարդ ու Նուարդ քեֆ քաշեցին, բայց մի քանի ամսից յետոյ այդպիսիներին գթացող Էջմիածինը իր «սխալական» վարդապետին Թիֆլիս ուղարկեց բժշկուելու ութն ամսով։ Աղջիկը մարդու գնաց, լսեցի բացուել է բոյնը յայտնողն եղել է հիւանդութիւնը եւ աղջկան մարդը սրախողող է արել։
Ահա մի ուրիշ վարդապետ, որուն Նոր Պայազեդում մի մեծ ընթրիքի ժամանակ մի զինուորական թուրը հանած փախցրեց սեղանից։ Վարդապետը վեղարը թողած փողոց ընկաւ ու ազատուեց։ Ի՞նչ էր եղել։ Հէնց սեղանի վրայ լաւ չէր պահել իրեն սպայի կնոջ նկատմամբ։
Նոյն վարդապետին երկու տարի առաջ Կիսլավոդսկի եկեղեցում պատարգի ժամանակ մի տղամարդ ջարդեց փայտով, նրա խաղերի համար կնոջ հետ։ Վարդապետը փախաւ տեղից, վեղարը հանեց ղրկեց Էջմիածին, աշխարհականացաւ անցաւ Նախիջեւան, նշանուեց այս էլ անյաջող անցաւ, վերստին վանք եկաւ, վեղարն առաւ եւ «Գերագոյն Խորհուրդի» սիրելին դառաւ։
Ահա մի եպիսկոպոս, որին Վաղարշապատի այգիներից մէկում մի գաղթական կնոջ հետ բռնեցին յանցանքի մէջ այգու հարեւանները եւ թքեցին երեսին։
Նոյնի փորում մի եղան ցցելու արաւ մի տղայ «սրբազանի» աղախնոց պատճառով, բայց չթողին։
Նոյն եպիսկոպոսը ամենայայտնի անբարոյական կանանց ընդունում եւ ճանապարհ դնելիս, օրը ցերեկով, ափաշկարա մի-մի մեշոկ ցորեն դնում կնոջ բերած ծառայի շալակին ու ղրկում։
Այս մարդու համար չարաճճի պատանիները մի զատկական նուէր էին աւել երկտողով ու կպցրել նրա պատին, որ հետեւեալն է «Համ աքլոր ես, համ հաւ ես,-պառաւ տեսնես կամաչես, աղջիկ տեսնես՝ կը կանչես»։ Տարիներ առաջ Էջմիածնում մի խումբ լուացարար ռուս կանայք կային։ Վանականներն իրենց լուացքի անունով հրաւիրում էին նրանց, բարձրացաւ մի մեծ խայտառակութիւն, գործը հասաւ գաւառապետին, որը «բարի եղաւ խնայելու վանականներին, որ օրէնքով արտօնեալ էին»։
Ահա մի տարեց վարդապետ որի կեանքը միայն անառակութեամբ է անցել։ Ես եւ Յուսիկ վարդապետը (այժմ եպիսկոպոս) վկայ եղանք թէ ինչպէս իրար ծեծեցին «առաքինի» վարդապետն ու պոռնիկ կինը, որը պահանջում էր բարձերն ու «վարձը»։ Ես առ ամօթս սպառնացի կնոջը եւ հազիւ դուրս քշեցի վանքից։
Ահա մի եպիսկոպոս՝ որին մի աղջկայ ազգականները (ինչպէս քննութեան ժամանակ լսւում էր» զարկեցին դաշոյնով ուղղակի սրտի մէջ եւ եթէ դաշոյնի ծայրը ուժեղ եպիսկոպոսի հաստ կողի վրայ կոտրուած չլինէր, նա մերած պիտի լինէր։
Կարճում եմ օրինակները, ո՞ր մէկն ասեմ։
Անառակութեան առատ հունձ էր տալիս եւ «ամուսնալուծութիւնը»։ Պառակտուած ամուսինները դիմում էին սինոդ եւ ապահարզան էին պահանջում։ Նրանց գործը ձգձգւում էր տարիներով, տասնեակ տարիներով։ Խնդրատուներն ստիպուած էին լինում անձամբ Էջմիածին գալ աշխատելու։ Եթէ կինը գեղեցիկ էր, գեղեցկութիւնն էր յաղթում, իրաւունք ստանում կրկին ամուսնանալու։ Եթէ գեղեցիկ չէր եւ մարդը հարուստ էր, հարստութիւնն էր արդարաբանում։
(Շարունակելի)