Ընդդիմադիրի մահը

Եթէ անկեղծ քաղաքական գործիչը կամ համարձակ լրագրողը բռնապետական երկրում բռնել են ճշմարտութիւնը բարձրաձայնելու ճամբան, ապա նրանց լռեցնելը, դա ժամանակի խնդիր է եւ որքան յետաձգուի լռեցման գործողութիւնը, նրա ապրած օրերը ընկալւում են որպէս թանկարժէք նուէր։ Գուցէ այդ է պատճառը, որ նման անձինք, գիտակցելով, որ իրենց սզբունքների համար սեփական կեանքն է դրուած զոհասեղանին, ապրում են բացարձակ լիարժէք կեանքով եւ տասնապատկուած ուժով, իսկ երբ նրանց վերջապէս լռեցնում են, ապա նրանք ընկնում են հերոսի մահով եւ այդ մահը նախանձ է առաջացնում սովորական մահկանացուների մէջ։ «Ես էլ կ՚ուզենայի մեռնել Հրանդի պէս», շատերից եմ լսել այս հոգոցը։ Այժմ նոյնն են ասում Պորիս Նեմցովի մասին։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Եթէ անկեղծ քաղաքական գործիչը կամ համարձակ լրագրողը բռնապետական երկրում բռնել են ճշմարտութիւնը բարձրաձայնելու ճամբան, ապա նրանց լռեցնելը, դա ժամանակի խնդիր է եւ որքան յետաձգուի լռեցման գործողութիւնը, նրա ապրած օրերը ընկալւում են որպէս թանկարժէք նուէր։ Գուցէ այդ է պատճառը, որ նման անձինք, գիտակցելով, որ իրենց սզբունքների համար սեփական կեանքն է դրուած զոհասեղանին, ապրում են բացարձակ լիարժէք կեանքով եւ տասնապատկուած ուժով, իսկ երբ նրանց վերջապէս լռեցնում են, ապա նրանք ընկնում են հերոսի մահով եւ այդ մահը նախանձ է առաջացնում սովորական մահկանացուների մէջ։ «Ես էլ կ՚ուզենայի մեռնել Հրանդի պէս», շատերից եմ լսել այս հոգոցը։ Այժմ նոյնն են ասում Պորիս Նեմցովի մասին։

Վերջին հարցազրոյցը

55 տարեկան ռուս ընդդիմադիր քաղաքական գործչին (ծն. 9 Հոկտեմեր 1959-ին Սոչի քաղաքում) սպաննեցին Փետրուարի 27-ին ժամը 23.20-ին Մոսկուայի կեդրոնում, Մոսկւորեցկի կամրջին Քրեմլի պատից մի 100-150 մ. հեռաւորութեան վրայ։ Իր վերջին ապրած օրը նոյնպէս նուէր էր, որի մասին ամէն մի տղամարդ կարող է միայն երազել։ Առաւօտեան Նեմցովը գնաց օդակայան եւ դիմաւորեց Քիեւից ժամանած սիրուհուն՝ 23 տարեկան գեղեցկուհի Աննա Դուրիցկայային, այնուհետեւ նրանք գնացին Նեմցովի տուն, որտեղ միասին էին մինչեւ երեկոյ, յետոյ աղջիկը գնաց մերսման, իսկ Նեմցովը՝ հարցազրոյց տալու «Էխօ Մոսկուի» (Մոսկուայի արձագանգ) ռադիօկայանին, որտեղ նա մասնաւորապէս ասաց, որ Մարտի 1-ին «Գարուն» երթ է կազմակերպել եւ նրանք, ովքեր ուզում են, որ Ռուսաստանը դադարեցնի պատերազմը Ուքրաինայում եւ այսպիսով դադարեցուի երկրի տնտեսական ճգնաժամը, թող գան «Գարուն» երթին Մոսկուայի Մարյինօ թաղամաս.-

«Փութինը նուաճեց Ղրիմը, խախտելով միջուկային զէնքի չտարածման միջազգային համակարգը։ Փութինի վարկանիշը  86% է, որովհետեւ հեռատեսիլը մարդկանց ապուշացնում է, եթէ նա դուրս գայ ինձ հետ երկխօսութեան, ապա ես կ՚ապացուցեմ, որ Ուքրաինայում կռւում են Ռուսաստանի զինուորները, այլ ոչ ուքրաինական ռուսները, ինչպէս ասւում է հեռատեսիլով եւ մարդիկ հաւատում են։ Եթէ ժողովուրդը իմանայ ճշմարտութիւնը, ապա նրանց սէրը կը փոշիանայ։ Եթէ այդքան սիրում են Փութինին, ապա ինչո՞ւ է Փութինի ռեժիմը վճարում մարդկանց, որպէսզի նրանք Հակամայդան երթին մասնակցեն։ Իշխանութիւնները խուճապի մէջ են ընկել մեր միջոցառման պատճառով…»։ Նեմցովին հարցրեցին Ելցինի մտադրութեան մասին։ «Այո, Ելցինը ինձ էր նախատեսել նախագահի պաշտօնում որպէս իր յաջորդող, բայց կանգ առաւ Փութինի վրայ, դա նրա գլխաւոր սխալն էր»։ Իսկ հեռո՞ւ չէ Մարյինօ թաղամասը, որտեղ պիտի այդ երթը լինի։ Ո՛չ, մեր պահանջներն են կարեւոր, այլ ոչ թէ տեղը։

Զարմանալի մարդ էր Նեմցովը. երբ նա պատմում էր, թէ ինչպէս են նրան խոչընդոտում, հետապնդում, հալածում, թոյլ չեն տալիս ընդդիմադիրներին առհասարակ երեւալ հեռատեսիլի եթերում, ապա նրա խօսքի մէջ բացակայում էր որեւէ մի գանգատ, դժգոհութիւն, հումորը նրան չէր լքում ոչ մի վայրկեան։ Որտեղի՞ց էր նա վերցնում այդ ներուժը, այդ լաւատեսութիւնը։ Նեմցովն ասում էր, որ շատ դժուար է պայքարել ստի դէմ, նա էլ է մարդ վերջի վերջոյ, բայց ճշմարտութիւնը նրան ուժ է տալիս։ Ի հարկէ, նա չէր խօսում կանանցից, բայց գուցէ կանայք նո՞յնպէս ուժեղացնում էին նրան. նա ամենեւին էլ կնամոլ չէր, բայց ունէր 3 կին, (որոնցից չորս զաւակներ ունեցաւ) եւ նրանց հետ միշտ հրաշալի յարաբերութիւնների մէջ էր մնում, երբ ամուսնութիւնը սպառւում էր։ Որպէս գեղեցիկ, չափազանց հմայիչ տղամարդ, նա ունէր երիտասարդ սիրուհիներ եւ սա նշում եմ ոչ թէ որպէս բամբասանք, այլ նկատի ունեմ նրա առողջ ապրելակերպը։ Զարմանքի էր արժանի նրա անսահման աշխատասիրութիւնը, անսպառ եռանդը, նա չէր հոգնում կռիւ տալ, պայքարել բռնատիրական պայմաններում, բայց… երեւում է բռնապետական համակարգը, բռնապետն ինքը հոգնեցին Նեմցովի քննադատութիւններից։ Նրա ճշմարտութիւնից։ Հակամայդան երթին, որի մասին գրել էի նախորդ թիւի մէջ, հնչեցին Նեմցովին գնդակահարելու կոչեր։ Նրա վերջին հարցազրոյցին հարց տուեցին, արդեօք յարիր է ռուս-ուքրաինական արիւնալի ֆոնին Մարտի 1-ի հակապատերազմական երթի անունը դնել «Գարուն» եւ ահա Մարտի 1-ին սգոյ երթ տեղի ունեցաւ, այն էլ ոչ թէ քաղաքի ծայրամաս Մարյինոյում, այլ քաղաքի սրտում Վասիլի Բլաժեննի տաճարի եւ Քրեմլի ֆոնին, շատ մօտիկ Կարմիր հրապարակի «Լոբնոյէ մեստօ» տեսարժան վայրից, որտեղ հին ժամանակներում յանցագործներին գլխատելով մահապատժի էին ենթարկում։  Հարցազրոյցից յետոյ նա Աննայի հետ ընթրեց Կարմիր հրապարակի առեւտրական կեդրոնի ռեստորանում եւ նրանք որոշեցին քայլելով տուն վերադառնալ։ Մոսկւորեցկի կամրջին քիլերը 6 գնդակ արձակեց Նեմցովի կռնակից, որոնցից մէկը խոցեց նրա սիրտը

Ժողովրդի կարծիքը սգոյ երթին

1.Միայն նա, ով իշխանութիւն է, կարող էր այդտեղ նման բան անել։

2. Ո՛չ մի յոյս չկայ, որ այս երկիրը կը փոխուի։

3.Ատելութիւն, նախանձ եւ սարսափի ու վախի մէջ պահելու ցանկութիւն։

4. Նա հերոս էր, նա յայտարարեց, թէ վախենում է, որ Փութինը իրեն կը սպանի, բայց երիտասարդ աղջկայ հետ գիշերով Մոսկուայի կենդրոնով քայլեց։

5. Նա ՀակաՓութին էր, ճիշդ նրա հակապատկերը, եթէ Փութինը վարժուած էր գաղտնի կերպով գործել, ապա Նեմցովը բաց էր, անկեղծ։

6. Գնդակը խոցեց ամէն մի ազնիւ մարդու սիրտը եւ դառը նստուածք թողեց։

7, Գնդակահարուեց ամենագեղեցիկ, ամենահամարձակ, ամենավառ, ամենատաղանդաւոր քաղաքական գործիչը։

8.Երկու ընդդիմադիր դէմքեր ունենք. մէկը ձերբակալուած է, իսկ միւսը հիմա դիահերձարանում Է։

9. Իւրայատուկ մարդ էր, սպանութիւնները կը շարունակուէն անշուշտ

10. Սպանեց քարոզչութիւնը։

11. Նա կարող էր մնալ իշխանութեան մէջ եւ բարեյաջող կեանք ունենալ, բայց նա գնաց ընդդիմութիւն, որովհետեւ նա անտարբեր չէր երկրի ճակատագրի հանդէպ։

12. Չկայ ուրիշ նման երկիր, որտեղ այսքան մարդ սպանուի ճշմարտութեան համար, բայց նա չէր խօսում միայն, այլ նա գործի մարդ էր։

13. Նա ինքը կեանք էր եւ այն, ինչ կատարուեց, գրոհ էր հենց կեանքի վրայ։

14. Մենք չենք կարող հաւատալ, որ նա այլեւս չկայ։ Դա այն մարդն էր, ով պիտի միշտ լինի, եւ նա միշտ կը լինի մեզ հետ։ Փետրուարի 27-ի գիշերը սկսուեց նոր դարաշրջան։ Այն սկսուեց արիւնից, մարդիկ անցան սահմանը։ Նրան սպանեցին այն բանի համար չէ, որ նա ինչ-որ զեկոյցներ էր անում կաշառակերութեան մասին եւ այլն։ Նրան սպանեցին, որովհետեւ նա Պորիս Նեմցովն էր։ Նա իր ողջ կեանքով ապացուցեց, որ կայ ազնիւ քաղաքականութիւն, որ կան սկզբունքներ, գաղափարներ, որոնք չեն ծախւում։ Այդ պատճառով էին նրանից վախենում։ Այժմ Նեմցովը դուրս չի գա ինչ-որ մէկի համար հանրահաւաքի, որպէսզի բարձրաձայնի մտքեր, որոնք մենք քննարկում ենք խոհանոցում։ Նա չկայ եւ ոչ ոք այլեւս ճշմարտութիւնը չի ասի մեր փոխարէն։ Այժմ մենք ինքներս պիտի դա անենք։

Բացի Նեմցովից մի ուժեղ ընդդիմադիր էլ կայ Ռուսաստանում, դա Ալեքսանդր Նավալնին է։ Սակայն նա տնային կալանքի մէջ է, որը պիտի աւարտուի Մարտի 6-ին եւ նրան թոյլ չեն տալիս մասնակցել ընկերոջ յուղարկաւորութեանը։ Մնացած ընդդիմադիրները, խուսափելով անհիմն հետապնդումներից, երկրից դուրս են եկել։ Նրանցից մէկը Հարրի Կասպարովն է, որը հաստատուել է ԱՄՆ-ում։ Երբ նրան հարցրին, արդեօք մեկնելու է նա Նեմցովի հրաժեշտին, նա պատասխանեց, որ չի պատրաստւում մեկնել Մոսկուա առանց ետդարձի։

 

Այժմ լռութիւն, յաջորդ թիւի մէջ կը քննարկենք իշխանութեան եւ ընդդիմութեան վարկածները Նեմցովի սպանութեան վերաբերեալ։ 

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ