ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Երբ մարդ պաշտօն է ստանում, ապա ստիպուած հրաժեշտ է տալիս ճշմարտութեանը։ Իսրայէլը, օրինակ, պետական մակարդակով ժխտում է Հայոց ցեղասպանութիւնը, եւ Իսրայէլի ճշմարիտ գիտնականները համարում են, որ այդ ժխտումով արատաւորւում է հէնց Հոլոքոստի նահատակների յիշատակը։ Իսրայէլցի գիտնական Յաիր Ահարոնը խնդիրը տեսնում է նրանում, որ այս հարցը Իսրայէլի անվտանգութեան յանձնաժողովի քննարկման առարկան է, մինչդեռ հարկաւոր է, որպէսզի կրթութեան յանձնաժողովը քննարկի. «Իսրայէլը պէտք է լինէր առաջին պետութիւնը, որ կը ճանաչէր Հայոց ցեղասպանութիւնը, սակայն Իսրայէլը ոչ միայն չի ճանաչում այդ փաստը, այլ՝ ժխտում է»։ Ըստ Իսրայէլի պետական դիրքորոշման Հոլոքոստը իւրայատուկ ցեղասպանութիւն է, որն առանձնանում է միւս բոլոր ցեղասպանութիւններից։ Համեմատելով Իսրայէլը Հայաստանի հետ, Ահարոնը նշում է, որ Իսրայէլը շատ աւելի ուժեղ երկիր է եւ գոյատեւման պայքարի խնդիր չունի, ինչպէս ներկայիս Հայաստանը։ Վերջապէս, նա ասում է, որ հրեաները մէկ անգամ տուժեցին, իսկ հայերը երկու՝ ի նկատի ունենալով ժխտումը։ Զուտ իրաւական տեսանկիւնից թուրքական կողմը ճիշդ է, քանզի ցեղասպանութիւն եզրը ընդունուեց Ռաֆայել Լեմկինի (1900-1959) կողմից կատարուածից յետոյ, բայց Հոլոքոստն էլ կատարուեց նախքան այդ եզրն ընդունուելը։ Սա է իրողութիւնը։ Հրեայ փաստաբան Լեմկինը ստեղծեց ցեղասպանութիւն հասկացութիւնը, հիմք ընդունելով հայերի ոչնչացումը որպէս դասական օրինակ եւ մշակեց բանաձեւ, ուղղուած կազմակերպիչների անպատժելիութեան դէմ, իսկ հրեական պետութիւնը որակում է Հայոց ցեղասպանութիւնը ընդամէնը որպէս ոճրագործութիւն եւ չուսումնասիրուած փաստ։ Երէկ զոհերը «միայն» հայերն էին, այսօր «միայն» հրեաներն են, բայց նաեւ լեհերն ու այլ եւրոպական ժողովուրդներ։ Իսկ ո՞վ կը լինի վաղը։ -զգուշացնում էր Լեմկինը 1948-ին։ Վաղը դարձաւ այսօր եւ արդէն բացարձակ կարեւոր չէ, թէ ովքեր են տուժում եւ ով է յանցագործը, որովհետեւ մենք անպատժելիութեան յաղթարշաւի ականատեսն ենք դարձել։
Երկու անգամ չենք տուժել, այլ՝ երեք
Հայոց ցեղասպանութիւնը ոչ միայն ժխտուել է, այլ նաեւ լռութեան է մատնուել. խօսել այդ մասին կամ ինչ-որ կերպով յարգել զոհերի յիշատակը չէր կարելի ո՛չ Սովետական Հայաստանում մինչեւ 1965-ը, ո՛չ էլ Թուրքիայում՝ մինչեւ Հրանդի սպանութիւնը։ Այդ տեսակէտից հանճարեղ եմ համարում Ֆադիհ Աքընի «Սպի» ֆիլմը։ Գլխաւոր հերոսը՝ Նազարէթ Մանուկեանը սպանդի ժամանակ, երբ զոհերին գլխատում էին, ողջ է մնում, սակայն այնուամենայնիւ վնասուածքի պատճառով կորցնում է խօսելու ունակութիւնը։ Պատահական չէր, որ Չափլինի համր ֆիլմերը դիտելիս նա միւսների պէս չէր ծիծաղում, այլ՝ արտասւում էր։ Նազարէթի մէջ մեր ողջ ազգի վիճակն է մարմնաւորուած, այսինքն մէկ մարդ, ամէն ողջ մնացած հայ մարդ իր ուսերի վրայ կրում էր ծանրագոյն ողբերգութեան բեռը առանց ոեւէ մէկին պատմելու հնարաւորութեան։ Իսկ յանցանք կատարուած երկրում ստեղծուել էր տեղեկատուական դաշտ, որտեղ զոհերը ստիպուած էին մտիկ անել ոճրագործի «Ճիշդը» հայերի «յանցանքների» եւ «դաւաճանութեան» մասին։ Ահա այդ դաշտը դուրս եկաւ Հրանդը որպէս միայնակ զինուոր, ունենալով ահռելի զէնք, որն էր ճշմարտութիւնը։ Ո՛չ, Հրանդի նպատակը ցեղասպանութեան ճանաչումը չէր։ Նա դուրս էր եկել ոչ թէ ժխտման դէմ, այլ՝ լռութեան։ Խօսէ՛ք, ժխտէ՛ք, վիճէ՛ք, վիճաբանէ՛ք, ապացուցէ՛ք, միայն թէ մի՛ լռէք, կարծես, ոչինչ չի՛ պատահել եւ մենք չկանք։ Նրա ընկերների մէջ էին ե՛ւ ցեղասպանութիւն ընդունողները, ե՛ւ ժխտողները։ Այսօր դժուար է երեւակայել, որ Սապիհա Կէօքչէնի հայ լինելու լուրը դարձրեց Հրանդին թիրախ. համացանցում տարբեր լեզուներով 2004-ին ողջ Թուրքիան ցնցող գաղտնիքը վաղուց գաղտնազերծուել է։ Բայց այն ատեն դու շա՛տ հեռուն գնացիր, Հրանդ… Ծնունդդ շնորհաւոր։