ԷԴՎԱՐԴ ՏԱՆՁԻԿՅԱՆ

Էդվարդ Տանձիկյան

«Զիրվե»-ի կոտորածը, Դինքի սպանությունն ու JİTEM-ը

Եվս մեկ շաբաթ՝ լի կարևոր և Թուրքիայի պատմության մեջ հետք թողած դատավարություններով։ Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակներում շարունակվում է պաշտոնատար անձաց դատավարությունը։ Մալաթիայում գտնվող «Զիրվե» հրատարակչատան կոտորածի դեպքի գործով որոշում է կայացվել և ակնհայտ է, որ Մուսա Անթերի սպանության գործին կցված Ժանդարմերիայի հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի JİTEM խմբավորման գործում գարու հատիկի չափ առաջընթաց անգամ չկա։

Հրանտ Դինքի սպանության գործից սկսենք։ Սեպտեմբերի 26-ին սկսած գործի նոր լսումների ընթացքում շարունակեցին լսել Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակիցներին։ Բաժնի աշխատակիցներ Մուհիթթին Զենիթը, Էրջան Դեմիրը, Օզքան Մումջուն ավելի վաղ արդեն հանդես էին եկել վկայությամբ։ Այս լսումների ընթացքում Մեհմեդ Այհանը և Օնուր Քարաքայան հարցաքննվեցին։

Այս լսումներին էլ խառը զգացողություններով էինք հետևում։ Հիշեցնենք, որ Տրապիզոնի ոստիկանության հետախուզությունն այն բաժանմունքն է, որը Դինքի սպանությունից մեկ տարի առաջ հետախուզության օգնական-աշխատակից Էրհան Թունջելի միջոցով իմացել էր Յասին Հայալի՝ «Հրանտ Դինքին ամեն պարագայում սպանելու» մասին և այս ամենի մասին տեղյակ էր պահել Ստամբուլի ոստիկանությանը։ Խնդիրն էլ այն է, թե այս տեղեկությունը ստանալուց հետո Տրապիզոնի հետախուզությունն ու ոստիկանությունն ի՞նչ են արել։ Հարցաքննություններից պարզ է դառնում, որ գրեթե ոչինչ։

Իբր թե Էրհան Թունջը անվստահելի, հանդիպումների ժամանակ ոչինչ չասող աշխատակից էր, որոշ ժամանակ անց՝ 2006թ․ վերջին, նրան զրկել են օգնական-աշխատակցի պաշտոնից, սակայն շարունակել հանդիպել նրան։ Երբ հարցնում են՝ «Ինչու՞ եք շարունակել հանդիխումները», պատասխանը լինում է․ «Օգնական-աշխատակիցների հետ հարաբերություններն անմիջապես չենք կարող խզել, հատուկ հեռացման շրջան է հարկավոր»։ Սակայն սա համոզիչ չէ ոչ ոքի համար՝ անգամ դատարանի, քանի որ մինչ այժմ անհայտ է, թե ինչեր են քննարկվել այդ հանդիպումների ընթացքում։

Մյուս կողմից էլ անհայտ է, թե Յասին Հայալին հետևե՞լ են, թե՞ ոչ։ Երբեմն ասում են՝ «Մեր տեսադաշտում էր, հետևում էինք», ակայն հայտնի չէ, թե ինչեր են իրականացվել հետևելու անվան տակ։ Օգտակար զեկույցներ չկան, անգամ ավելին՝ գոյություն ունեցող մի շարք զեկույցներ անհետացել են։ «Ինչպե՞ս էիք հետևում» հարցին Օնուր Քարաքայան պատասխանում է․ «Աշխատանքից դուրս, ազատ ժամանակ շրջում էինք գլխավոր փողոցում՝ Փելիթլիում»։

Շատ անգամներ գրություններ ենք գրել այս թեմայով։ Այո՛, պետական բոլոր ենթակառուցվածքներն ու պետությանը մոտ գտնվող խմբերը ներգրավված են այս սանությանը, սա ակնհայտ է։ Սակայն Տրապիզոնի ոստիկանությունը, հարցաքննություններին նրանց տված պատասխանները ապշեցուցիչ են։ Սպանություն իրականացնելուն մտադրված խմբավորումը, չիրականացված քայլերը՝ չնայած այն ամենի, որ ամենը աչքի առաջ, բացեիբաց էր, ապացույցն են այն բանի, որ հայ մտավորականը աչքների առաջ մահվան է ուղարկվել։ Պարզ է, որ այս հարցի շուրջ դեռ շատ մանրամասներ են ջրի երես դուրս գալու։ Գոնե մենք հույս ունենք։

Զիրվե հրատարակչատան կոտորածի մասին խոսենք․ տարիներով շարունակվող դատական գործը ավարտին հասավ՝ մի շարք հարցականներ թողնելով․․․ Միայն հրահանգ կատարողները պատիժ ստացան, ոչ խմբավորումը կա, ոչ էլ սադրիչները։ Սպանությունն իրականացնողները, չնայած ծանր պատիժներ են ստացել, ձերբակալված չեն։ Երևի կձերբակալվեն այն ժամանակ, երբ դատական գործը գերագույն դատարանում հայտնվի։ Սա էլ ո՞վ գիտի՝ քանի տարի կտևի։ Ուզես-չուզես հիշում ես, թե ինչպես է այս գործը, ինչպես և Հրանտ Դինքի սպանության գործը, օգտագործվում կառավարության կողմից։ Հիշում ենք, թե Արդարություն և զարգացում կուսակցության լրատվամիջոցները ո՞ր խմբերին էին բարդում այս գործը՝ կախված իրենց փոփոխական թշնամիներից։ Ամեն ինչ ասված է, սակայն սպանության հետևում կանգնածները բացահայտված չեն։ Այս տարօրինակությունն էլ ԱԶԿ-ի հաշվետվությանը կգրվի, կասկած չկա։ 

Ինչպես սկզբում ասացի՝ այս շաբաթ մեկ այլ դատական գործ էլ է ընթանում։ Մուսա Անթերի սպանության գործին կցված JİTEM դատական գործի քննությունը տեղի ունեցավ Անկարայի ծանր հանցագործությունների գործով 6-րդ դատարանում։ Լրագրող, գրող Մուսա Անթերի սպանության (1992թ․) առնչությամբ 21 տարի անց բացված դատական գործը կցվել էր 90-ականներին մի շարք չբացահայտված սպանությունների պատճառով 16 հոգու ձերբակալության հանգեցրած JİTEM-ի գործին։ Պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը դատական լսումներին միացել է տեսակապի միջոցով՝ Ստամբուլից։

Մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ JİTEM-ի մասին հարցերին ի պատասխան Կյուչուքը նշել է․ «Ես JİTEM կոչված խմբավորման հետ կապ չունեմ։ JİTEM կոչված խմբավորում չգիտեմ։ Օրենքի շրջանակներում Ժանդարմերիայի հետախուզական խմբի հրամանատարությունն եմ ստեղծել։ Որոշ ժամանակ անց խմբավորումը վերացվել է։ Ամբողջ անձնակազմս բարձրաստիճան էր։ Եթե կա իրականացված անօրինական քայլ, ցույց տվեք ինձ»։

Այս պատասխանները կարդալիս Հրանտ Դինքի սպանության օրը և դրանից առաջ «Ակօս»-ի շրջակայքում և Դինքի տան մոտակայքում հսկողություն իրականացնեղ ժանդարմերիայի աշխատակիցներին հիշեցի ակամայից։ Եվ նման մի պետություն նեղանում է մեր քննադատություններից։ Շարունակականությունն է կարևոր։ 

Նիհաթ Թունայից հետո

«Իլեթիշիմ» հրատարակչատան հիմնադիրներից մեկին, տարիներ շարունակ միասին աշխատած մտերիմ ընկերներիցս մեկին՝ Նիհաթ Թունային հրաժեշտ տվեցինք այս շաբաթ։ Անսպասելի և վաղաժամ այս կորուստն ավելի ծանր է դառնում, երբ գիտակցում ես, թե Նիհաթն ինչքան քաղաքավարի, կատակասեր, բարեգործ, աշատասեր մեկն էր, որ ամենքին օգնում էր, ծածկում իր խնդիրները, հոգսերը, փորձում բեռ չդառնալ ոչ ոքի։ Ի՞նչ կարող եմ ասել․․․ Քեզ շատ ենք կարոտելու, Նիհա՛թ։