Այսօր՝ Ապրիլի 1-ին, Խորէն Աբրահամեանի 91-րդ տարեդարձն է։ Կար ժամանակ, երբ մեծերը բեմում էին, յետոյ եկան նզովեալ ժամանակներ, երբ մենք սկսեցինք ապրել արժէքների կտրուկ անկում, եւ մեզ փրկում էր այն, որ մեր մեծերը մեր կողքին էին։ Խորէն Աբրահամեանն (1930-2014) այդ մեծերի վերջիններից էր։
Լիր Արքայ
Նա երեւանցի էր ծնունդով (1930), ուսումով (1951) եւ ճակատագրով։ Նրա ամենամեծ սէրը Երեւանն էր, ամենամեծ գաղտնիքը Երեւանն էր եւ ամենամեծ կարօտը՝ Երեւանը։
Խորէն Աբրահամեանը կինոյում եւ թատրոնում ստեղծեց բազմաթիւ անմոռանալի կերպարներ, թատերական աշխարհում հասաւ բարձր թիրքերի՝ Սունդուկեանի անուան թատրոնի գլխաւոր ռեժիսէօր եւ գեղարուեստական ղեկավար, Լենինականի (Կիւմրի) պետական թատրոնի գլխաւոր ռեժիսէօր, Հայաստանի Թատերական Միութեան նախագահ։ Շէքսփիրի «Քորիօլանուս»ից յետոյ արժանացաւ Սովետական Միութեան ժողովրդական արտիստի կոչման եւ Սովետական Միութեան պետական մրցանակի։ Երկու անգամ էլ արժանացաւ Հայաստանի պետական մրցանակի՝ մէկը Գէորգի «Սարոյեան եղբայրներ», միւսը՝ Քորրադոյի «Ոճրագործի ընտանիքը» դերակատարումների համար։
Ինչպէս Լիր արքան, նա ունէր ամէն ինչ։ Ինչպէս Լիր արքան, նա կորցրեց ամէն ինչ։ Կորցնելուց յետոյ նա աւելի շատ մօտեցաւ Աստծուն եւ մարդկանց։ Աստծուն, որովհետեւ այսուհետ իր բարձր դիրքը դա Գոլգողան էր, մարդանց, որովհետեւ նա չդաւաճանեց իր գործին։ «Ամենածանր դաւաճանութիւնը, երբ մեր գործին են դաւաճանում, տաք տեղ փնտռում», ասում էր նա։ Իրականութեան մէջ արուեստագէտը չի կորցնում ոչինչ, եթէ իր հետ է մնում իր տաղանդը, իսկ Խորէն Աբրահամեանի տաղանդը աւելի շատ էր, քան իր անձը, աւելի շատ, քան ռեժիսէօրի մտայղացումները. նա ինքը պատրաստի թատրոն էր, բայց առանց շէնքի։ Երբ նա վերդարձաւ ԱՄՆ-ից, նրան յաճախ էին կանչում հարցազրոյցների, եւ Աբրահամեանն ասում էր, որ պէտք է գործով ներկայանալ, իսկ մենք խօսում ենք։ Յետոյ փորձում էր իր գործին գոնէ խօսքով նպաստել. «Խնդրում եմ, ինձ մի շէնք տուէք, մի ստիւտիօ, որ ես կարողանամ աշխատել։ Ինչպէ՞ս, ի՞նչ խօսքերով պէտք է ասել, որ տան...»։ Բայց նրան չէին տալիս, որովհետեւ նա ինքը իր ողջ էութեամբ մարմնաւորում էր թատրոն հասկացութիւնը՝ շէնքով, ծրագրերով եւ աշխատող զարկերակով։
Թուրքիայում մի ժամանակ դերասաններին արգելուած էր վկայութիւն տալ դատարանում, քանի որ նրանք փրոֆեսիոնալ ստախօսներ էին։ Եթէ համեմանետք դերասանին քաղաքական գործչի հետ, ապա կը տեսնենք, թէ ով է իրականում ստախօսը։ Խորէն Աբրահամեանը դէմ էր «դեր կատարել» արտայայտութեանը։ Ճիշդը՝ «լինելն» է. «Ինչպէ՞ս կարող է փրոֆեսիոնալ դերասանը դեր կատարել, քաղաքական գործիչն է դեր կատարում»։
«Ջին խաղը»
Կան արուեստագէտներ, որոնց արուեատը հնարաւոր չէ բնութագրել ոչ մի ուրիշ բառով, բացի իրենց անունից։ Ի՞նչ կինօ էր ստեղծում Փարաճանովը-Փարաճանովեան, իսկ Ենգիբարեանը... ո՞ւմ նման էր Ենգիբարեանը՝ միայն Ենգիբարեանին։ Մհեր Մկրտչեա՞նը։ Այդպիսին էր եւ Խորէն Աբրահամնեանը։ Ես դիտել եմ «Ջին խաղը» Մոսկուայի թատրոններում։ Տեքստ-մարմնաւորում-կերպար։ Աբրահամեանի դէպքում չկար կերպարի մարմնաւորում։ Կար միայն Խորէն Աբրահամեանը՝ անըմբռնելի, անսահման...։
«Հրաւիրում եմ յատկապէս երիտասարդներին, որպէսզի նրանք հասկանան, որ տարիքով մարդը մի կողմ նետուելիք բան չէ»,- ասաց Խորէն Սբրահամեանը։ Դրամատիկական թատրոնը այդ տարիներին դեռ չէր ջեռուցւում, եւ Խորէն Աբրահամեանը Գոհար Գալստեանի հետ ձմեռնամուտին ներկայացրեցին «Ջին խաղը»։ Դահլիճում պաղ էր, բայց բեմում հանճարագործութիւն էր տեղի ունենում եւ յատկապէս երիտասարդութիւնն էր յափշտակուած դիտում՝ հասկանալով, որ այսպիսի խաղ այլեւս ոչ մի ուրիշ տեղ չի տեսնի։ Թատերական ինստիտուտի նոյն ուսանողը 4 անգամ (այդքան անգամ խաղացին «Ջին խաղը») գալիս էր ներկայացման եւ բացայատում էր, որ այն ամենեւին կրկնողութիւն չէր։
Եթէ թատերական ինստիտուտում որեւէ ուսանողի առջեւ խնդիր դրուի պատկերել 70-ը անց տղամարդուն, նա երեւի առաջին հերթին ծերութիւն կը խաղայ։ Սակայն ծերութիւնը դա ամենեւին անկարողութիւն չէ։ Այո՛, աչքերը գուցէ ակնոցի կարիք ունեն, իսկ ճերմակ մօրուքը կորցրել է իր շքեղութիւնը, բայց ի՛նչ հետաքրքիր շրջան է, երբ քո ձեռքում են յայտնւում ապրած կեանքի բոլոր խաղաթղթերը՝ սխալները, արդիւնքը, ամփոփումը...։
Այսպիսով, տարեց կինն ու տղամարդը հանդիպում են անվճար ապահովութեան տանը։ Նրանց ոչ ոք չի այցելում՝ երախաների կողմից նրանք լքուած են։ Տղամարդն առաջարկում է «Ջին» թղթախաղը խաղալ, եւ կինը, որը մինչ այդ երբեք ոչ մի թղթախաղ չէր խաղացել, սկսում է շարունակ յաղթել։ Խաղի ատեն զրուցում են, եւ պարզւում է, որ երկուսն էլ ամուսնալուծուած են։ Կինը զատուել էր ամուսնուց, երբ զաւակը երկու տարեկան էր։ Տղամարդը իր հերթին զրկուեց երախաներին տեսնելու հնարաւորութիւնից, երբ իր նախկին կինը տեղափոխուեց ուրիշ քաղաք։ «Ո՛չ ոք արժանի չէ նման բախտին», ասում է տղամարդը։ Կինն առարկում է, որ իր ամուսինը արժանի էր։ Այսպիսով մենք դիտում ենք ամուսնալուծման ողբերգութեան երկու կողմերը՝ ոչ ոք չի շահում։ Ի վերջոյ կնոջ որդին լքեց մօրը՝ մեղադրելով, որ նա զրկեց իրեն հօրից։ Խաղը շարունակւում է եւ կինը շարունակ բացականչում է «Ջին». նա միշտ յաղթում է, նոյնիսկ չուզելով եւ դա արդէն դառնում է մետաֆորա (փոխաբերութիւն)։ Ստացւում է, որ միայն նա է ճշմարիտ, իսկ ինչո՞ւ չընդունեց նաեւ հօր ճշմարտութիւնը։ Կինը, որը միայն ինքն է իրաւացի, միայն ինքն է յաղթող, կարող է մնալ այս աշխարհում միայնակ, եւ պարտուող տղամարդը նետում է նրա երեսին, որ նա չար է ու լկտի, բայց շարունակում է խաղալ իր «Ջին» խաղը այդ կնոջ հետ եւ... սիրում է նրան, որովհետեւ կեանքի մայրամուտին նրա մէջ կուտակուել են սիրոյ անսահման պաշարներ, նաեւ ապրելու անսահման ու նախանձելի տենչ։ Այդպիսին էր Խորէն Աբրահամեանը 74 տարեկանում, երբ մի օր՝ Դեկտեմբերի 11-ին քնեց ու այլեւս չարթնացաւ։
Վերջին խաղը
Նրան ձեռքերի վրայ տարան Սպենդիարեանի անուան օպերայի եւ պալետի թատրոնից դէպի Կոմիտասի անուան պանթէոն։ Անցնելով Շահումեան հրապարակը, թեքուեցին Գրիգոր Լուսաւորիչ պողոտայ։ Այստեղ կանգ առան մայր թատրոնի առաջ, որտեղ շքամուտքի գլխաւերեւին ջահեր էին վառել եւ... Խորէն Աբրահամեանը Խորէն Աբրահամեանին «Ես իմ անուշ Հայաստանի»ն արտասանեց։ Երեւի դժուար կը լինի գերազանցել այդ արտասանութիւնը։ «Դերասանի յուղարկաւորութիւնը դա նրա վերջին ներկայացումն է։ Նա մարդ էր իր բոլոր թերութիւններով, սակայն հիմա, երբ նա չկայ, երեւում է, թէ ի՜նչ հսկայ էր Խորէն Աբրահամեանը», Սոս Սարգսեանի այս խօսքերը պանթէոնում արցունքի հեղեղ առաջացրին երկրպագուների մէջ։ Խորէն Աբրահամեան մարդուն մենք յանձնեցինք հողին, բայց մնաց Խորէն Աբրահամեան ֆենոմենը՝ ինքնիրէն յաղթող , գերազանցող եւ անսահման։
Մի՛ իջեցրէք վարագոյրը։ Սեւ վարագոյրը։ Դերասանը կարող է ապրել լիաթոք միայն երբ դահլիճը լեփ լեցուն է եւ վարագոյրը բաց։