ԲԵՆԻԿ Ծ. ՎԱՐԴԱՊԵՏ
(Տպուած է՝ Երեւան 1924 թուականին)
Եւ սինոդի մէջ աշխատանքները բաժանելիս, սինոդականները ամուսնալուծական գործերի սեղանի վրայ գլուխ էին կոտրում, որ այդ մասն իրենց ընկնի։
Մի ամուսնալուծական գործում, սինոդը արդար է ճանաչում մարդուն, շքեղ կինը շտապում է Էջմիածին, երկու օր ու գիշեր հիւր լինում սինոդի նախանդամին եւ ապա երրորդ օրը նոր վճիռ։ Կինն անմեղ է, իրաւունք տալ ամուսնանալու, մարդուն զրկել կրկնամուսնութիւնից։
Մի ամուսնալուծական գործի համար երիտասարդ կնոջ վիճակւում է Էջմիածին գալ իր ազգականի եւ նոր նշանածի հետ։. Ծանօթ վարդապետներից մինը (այժմ եպիսկոպոս) խոստումն է անում սինոդում աջակցել գործի յաջող ելքին։ Փաստերը բացարձակ անմեղ են ճանաչում կնոջ։ Կինը հեռանալիս քաղաքավարական պարտք է համարում մտնել վարդապետի տունը շնորհակալութիւն անելու։ Վարդապետը իր աշխատանքի վարձն է խնդրում, միամիտ կինն ասում է. «փող չունիմ մօտս, ուրախութեամբ կը գրեմ հօրս եւ նա ձեզ կ՚ուղարկի հարիւր ռուբլի»։
-Ո՚չ, իմ խնդրածս փողը չէ, ասում է վարդապետը ու չոքելով գրկում գեղեցկուհու ոտները։ Սակայն այս անգամ իր սովորական հաշուի մէջ սխալւում է «կուսակրօն» հերոսը։ Կինը թքում է չոքած աղօթաւորի աչքի մէջ, գոռում վրան, դուրս գալիս։ Նշանացուին պատմում, որը կամենում է մտնել վանականի մօտ եւ խեղդել, կինը չի թողնում եւ բաւականանում են մի խայտառակ նամակով որ գրում է տան «սուրբ հօրը»։
Վերջին ժամանակներս անառակութիւնը սիստեմների է վերածւում։ Կան որ ամուսնացած ծառաներ են պահում շուտ-շուտ մարդու տալիս, կան էլ որ երթեւեկներ են ընդունում, կան էլ որ «ազգական», «եղբօր աղջիկ», «քեռու թոռ» անուններով են սրբագործում պոռնկութիւնը։
Հայ ազգի թշուառութիւնը քաղցած, աղքատ գաղթական աղջիկներով ու կանանցով լցրեց վանքը։ Ստեղծուեց աղախինների սիստեմը։
Բանն այնպիսի ծաւալ ստացաւ, որ Թ. Թադէոսեանը «Հորիզոն»ում մի յօդուած տպեց եւ Էջմիածինն անուանեց «մեծ անառականոց»։ Կաթողիկոսն այս յօդուածի տպաւորութեան տակ մի խիստ հրաման արձակեց «Վանական Խորհրդի» երեք օրուայ ընթացքում հեռացնել վանքից բոլոր կանանց եւ աղախիններին։ Սակայն այս ջոջերը, որ այժմ հլու հնազանդութիւն են պահանջում ստորագրեալ վարդապետներից եւ ոչ մէկը «աղախին» հեռացրեց եւ բանի տեղ չդրեց կաթողիկոսի հրամանը։ Այս 1920 թուականն էր։
Այժմեան վանական կեանքին եւ աշխարհահայեացքին «կուսակրօն» բառը անախրոնիզմ է, անպատշաճ է եւ կեղծիք։ Այդ ամբողջ վանականութեան համոզմունքն է, ամենափոքրից սկսած մինչեւ ամենամեծը։
Խրիմեան Կաթողիկոսը միշտ դէմ էր արտայայտւում կուսակրօնութեանը եւ ծաղրում։ Իզմիրլեան Կաթողիկոսն ասում էր. «Իբրեւ անհատ մը, իբրեւ Իզմիրլեան կ՚ընդունեմ, որ ամուրիութիւնը անառակութիւն կը տրամադրէ, բայց իբրեւ Կաթողիկոս՝ չեմ կրնար փոխել այդ կարգը, այդ ազգային ժողովի գործ է»։
Գէորգ Ե. Կաթողիկոսը քահանաների կրկնամուսնութիւն մտցրեց առանց ազգային եկեղեցւոյ ժողովի եւ լաւ արեց, որպէսզի այրի քահանաներին անառակութիւնից ազատի եւ զաւակներին փրկի գէշ ազդեցութիւններից։
Անառակութեան հետ սերտ կապուած է թալանը, գողութիւնը։ Հասկանալի է թէ թալանն ուր է գնում։
Հայ ժողովուրդ, չարախնդրութիւն չէ, որ ինձ ստիպում է գրել այս տողերը՝ երբեք։ Այդպէս էլ պիտի լինէր, քանի կեղծ կուսակրօնութիւն կայ, շատ էլ չեմ մեղադրում ամուրի անառակներին։ Բնախօսականի վերաբերմամբ մարդը նման է անասունին։ Նա իր յատուկ մսուրը պիտի ունենայ, որ քիթը չխոթի ուրիշի մսուրի մէջ։
Դու, հայ ժողովուրդ, կենդանի եկեղեցին դու ես, վերջ տուր այս վնասաբեր ամուրիութեանը, ինչպէս վերջ տուին անգլիական, գերմանական, շուեյցարական եւ այժմ ռուսական «կենդանի» եկեղեցիները։
Ես ցաւում եմ կեղծիքի վրայ, որ անբարոյականութիւն է, որ վիրաւորում է ինձ, խորապէս ցաւում եմ քու տղայ ու աղջիկ զաւակների վրայ, որոնք տգեղ բարքեր են տանելու վանքերից դէպի կեանք։ Պաշտպանիր զաւակներիդ պատիւը, բարոյականը, հեռացրու նրանց վանքերից եւ շտապիր վռնտել գարշ արիութիւնն այն տեղերից։
Ճշմարիտն եմ ասում, եթէ յարաբերական սրբութեան մաքրութիւն կայ վանքերում, էլի նրանց մէջն է, որոնք տասնեակ տարիներով մի կին ունին, որդիք ունին, ընտանիք են կազմում, ամուսնաւոր են։ Նրանք միայն բնական մահով են մեռնելու, մինչդեռ «ամուրի» վանականների 80%-ը վեներական ախտերով են տափ մտնում։
Ամէն տեղից ձէն տուր ու կանչիր, հայ ժողովուրդ։
Թող կորչի ամուրիութիւնը եկեղեցւոց։
Թող կորչի պղծութիւնը խցերի, խորանների, տաճարների։
Թող կորչի անառակ վանականութիւնը։
Սնապաշտութիւնը
քրիստոնէութիւն չէ
Աւետարանի կրօնը սոցիալական պարտաճանաչութեան կրօն է։ Այսինքն՝ մարդու մէջ այն գիտակցութիւնը եւ զգացմունքը պիտի պաշտուի, որով մարդ պարտաւոր է զգում իրեն իր նման մարդուն ծառայելու։
Այս պարտաճանաչութեամբ ոգեւորելու եւ գործով արդիւնաւորելու վառվռումն է իսկական կրօնը։ Այս կրօնը հասկանալի է միայն սիրով, դէպի մարդը սէրն է պսակում քրիստոնէութիւնը։
Իսկ ինչ որ լոկ է, ծէս է, արարողութիւն, մարդկային բանականութեան հակառակ խօսք՝ այն քրիստոնէութիւն չէ, այլ մոլորութիւն, տգիտութիւն, սնահաւատութիւն, սնապաշտութիւն։
Ուր սնապաշտութիւն կայ, այնտեղ մաքուր քրիստոնէութիւն չկայ։ Սնահաւատութեան մէջ մեռնում է քրիստոնէութիւնը։
Սնահաւատութեան դէմ կռուելը նշանակում է կռուել տգիտութեան դէմ օգուտ քրիստոնէական կրօնի եւ մարդկութեան։
Հայոց եկեղեցին իր հին շրջանում կռուել է սնահաւատութեան դէմ՝ կախարդութեան, մոգութեան, վհուկութեան, գրբացութեան եւ այլն, որոնք հին հեթանոսական կրօնների մնացորդներ են քրիստոնէութեան մէջ։ Հայոց եկեղեցին նոյն իսկ պատժական օրէնքներ ունի այդ եւ նման մոլորութիւններու դէմ։
Սակայն վերջին ժամանակներում սնահաւատութիւնը ոչ միայն վիշտ է պատճառում եկեղեցուն, այլ մինչեւ անգամ քաջալերութիւն է գտնում, իբրեւ կանոն մտել է յետին դարերի «Մաշտոցների» մէջ, ու սրբագործուել որպէս կրօնի մասն։
Այդպիսի ծիսարանը նախատինք է աւետարանի մաքուր ուսման։
Բացէք մեր եկեղեցու Մաշտոցը՝ ծիսարանը եւ դուք կը գտնէք այսպիսի կանոններ։
1. Կանոն գիշերուայ աղօթքի, որ կատարւում է ծանր հիւանդների վրայ, որ ցաւից բժշկուեն եւ մեղքերից ազատուեն։
2. Կանոն խաչալուայ անելու բոլոր մարդկանց, ոչխարների՝ բոյսերի եւ տունկերի բժշկութեան համար։
3. Կանոն դժուարածին՝ յղի կնոջ։
4. Կանոն նորածին մանկան տունը փարատելու։
5. Կանոն դիւահարներին, լուսնոտներին բժշկգլու համար։
6. Կանոն սկիհ եւ մաղզմադ օրհնելու։
7. Կանոն ժամի զգեստ օրհնելու։
8. Կանոն գիրք օրհնելու։
9. Կանոն աղ օրհնելու։
10. Կանոն մատաղ օրհնելու։
11. Կանոն զանգակ, քշոց օրհնելու։
12. Կանոն ջրհոր օրհնելու։
13. Կանոն սերմ, շեղջ, կալ, այգի, հնձան օրհնելու։
14. Կանոն երաշտի։
15. Կանոն գլուխ կնդելու եւ այլն։
Պարզ է որ այս «կանոններով» ներշնչում են ժողովուրդին թէ կարդալով կարելի է հիւանդին բժշկել եւ մեղքերից էլ ազատել, բժշկութիւն պէտք չէ հիւանդ բոյսերն ու տունկերը աղօթքով կարելի է բուժել, ուրեմն դարմանել պէտք չէ յղի կնոջ դժուարածնութիւնից աղօթքով կարելի է ազատել, ուրեմն բժիշկ եւ տատմեր պէտք չեն նորածին մանկան տունը, որ օրհնեն սատանաները կը փախչեն եւ երեխան անվնաս կը մնայ։ Աղօթքով կարելի է հոգեկան հիւանդներին, ընկնաւորներին (էփիլեպտիկ) բժշկել, ուրեմն բժիշկներ պէտք չեն։ Ջրհորի ջուրը առանց օրհնելու թոյն կը դառնայ, վատառողջ կը լինի։ Աղօթքով կարելի է անձրեւ քաշել ամպերից։ Աղօթքով պէտք է գլուխ կնդել, որ ցաւ ու չոռ չդիպչի եւ այլն, եւ այլն։
Այս սոսկալի հակաքրիստոնէութեան դէմ բողոքում է քրիստոնէութիւնը, բողոքում մարդկային բանականութիւնը, բողոքում են բնութեան օրէնքները։
Այդպիսի սնահաւատութիւնների պաշտպանութիւնը քաջալերութիւն է տգիտութեան եւ վնաս մարդկային կեանքի, որ գիտութիւնից օգտուել չկամենայ։
Մէկ խօսքով այդ ամէնը խայտառակութիւն է, հեթանոսական վհուկութիւն է, մոգութիւն է, որ ծածկում են քրիստոնէական վառ քօղով։
Կը հարցնէք ինչո՞ւ են այս ամէնը։ Որովհետեւ այդ ամէնը, այդ ամէն կանոններն առանձին առանձին վճարովի են, անաշխատ ապրուստի աղբիւր հոգեւոր դասի համար։
Մեր այժմեան ըմբռնումների ժամանակ, այդ ամէնը՝ որպէս բիծ քրիստոնէական եկեղեցւոյ վրայ, պէտք է ջնջուեն, բայց աւա՜ղ նոր փարիսեցիութիւն, դրանց դէմ ոչ միայն ձայն չի լսւում, այլ քաջալերում է եկեղեցին իր լռութեամբ եւ նոյնիսկ ներգործակերպ։
Վերջերս հանդէս է եկել մի նոր սնահաւատութիւն, գլխաւորապէս Նոր Պայազեդի շրջանում։ Այսպէս անուանենք այդ սնոտի գործը՝ փահլեւանների պաշտամունք։
Փահլեւանները կամ քեանդրբազները խաղում են լարի վրայ։ Թող խաղան, բայց ճառում են թէ իրենց շնորհքը ստացել են Սուրբ Կարապետից։ Նրա հետ կենդանի յարաբերութեան մէջ են տեսիլքներում։ Տեսնում են նրան, խօսում են նրա հետ, նրա կամքը հաղորդում են ժողովրդին եւ վայ նրան ով որ Սուրբ Կարապետի կամքը չի կատարի ինչ պատիժ ասես կը թափուի վրան։ Ի՞նչ է նրա կամքը, մատաղ անել, ուխտի գնալ, փահլեւանին լաւ վարձատրել, աջհամբոյր ու խաչհամբոյր շատ տալ եւ այլն։ Ստեղծւում է մի սարսափ միամիտ ժողովրդի հոգիների մէջ, որ խուժում է դէպի փահլեւանը, դէպի ուխտատեղին, ուր փահլեւանն է կահում իր լարը, մարգարէութիւններ անում, իսկ նրա «եալանչին» տակի մասխարեն ստախօսութիւններով «եօթը անուան տէր Ս. Կարապետի» անունով, փող, մթերք եւ իրեր է հաւաքում ամբոխից փահլեւանի եւ իր օգտին, որ Սուրբ Կարապետը մեղմանայ եւ չպատժի ժողովուրդին։ Իսկ ուխտատեղիներում հունձ են անում հոգեւորները։
Աւետարանից գիտենք մենք Ս. Կարապետի կամքը, որ փահլեւանի յայտարարած կամքը չէ, այդ մեծ մարգարէն ապրում էր անապատում, հագնում կաշուեղէն՝ ուտում վայրի բանջար եւ քարոզում էր թէ՝ ով երկու շոր ունի, մէկը չունեցողին տայ, ով ուտելու բան ունի, թող սովածին բաժին հանի, հարկահանները թող չկողոպտեն ժողովուրդին։ Զինուորները թող թալան չանեն, թագաւորը թող լրբութիւն չանի, սատանաները թող չխարեն։ Ահա նրա կամքը։
Ախր այսպէս էլ նախատինք կը լինի՞ որ թափւում է քրիստոնէական կրօնի վրայ, Ս. Կարապետի վրայ։ Ախր անարգում է մեծ մարդը, Յովհաննէս Մկրտիչը, որ իբր թէ քեանդրբազին շնորհք տուող «աղեն» է։ Միթէ՞ այնքան չնչին մարդ է եղել Սուրբ Կարապետը, որ միայն լարախաղացութեան շնորհք է ունեցել եւ միայն այդ շնորհքն է տալիս։ Իսկ կրկեսներում, ուր աւելի ճարպիկ, զարմանալի խաղեր են անում կրկեսկի մարդիկը, ձիերը, վարժեցրած անասունները բա նրանց շնորհքն ո՞վ է տուել եւ ի՝նչ է քեադրբազի շնորհքը նրանց շնորհքների առաջ։
Այդ եթէ եկեղեցին այսպէս ժողովուրդը տգէտ, շահագործուող, լարախաղացները շահագործող, ո՞վ է այդ ողորմելի ժողովուրդի սրտացաւ բարեկամը, որ մոլորութիւնից հանի, սնահաւատութիւնից ազատի, որ ոչ Քրիստոսի Աւետարանը, ոչ ժողովրդի բարեկեցութիւնը, ոչ բարոյականն ու կրթականը կուլ չգնան այդ սնապաշտութեան։
Հայ ժողովուրդ, մտածիր, խելքի եկ՝ դուրս արի սնապաշտութիւնից, մի խաբուիր, մի լսիր խաբեբաներին։ Քրիստոսն ու Յովհաննէս Մկրտիչը քեզ ազատել են կամեցել սուտ պաշտամունքից, կախարդութիւնից, տգիտութիւնից եւ դու այսօր նրանց շնորհքն ես համարում այն, ինչ որ նրանք անարգել են եւ հալածել։ Մի վիրաւորիր նրանց անունը։
Հայ եկեղեցական, մի անպատուիր քու կոչումը, դու լոյսի առաքեալ ես համարուել, խաւարի հետ մի մնայ, մի քաջալերի սնոտի պաշտամունքը մի քանի կոպեկ շահելու համար։ Ժամանակակից նոր սերունդը որ ուսում է առնում, ծանօթանում է բնութեան երեւոյթների եւ նրանց պատճառների հետ, իրաւամբ քեզ կը ծաղրի, քեզ իբրեւ խաւարասէրի եւ խաբողի կը հալածի եւ կու գայ ժամանակ, որ դու ժողովուրդ էլ չես ունենայ, եթէ յամառես խաւարի մէջ մնալ եւ
Քաջալերող են բանին, որ դու ել չես հաւատում։
Քրիստոսը, Յովհաննէսը լոյսի, ազատութեան, ճշմարտութեան, արդարութեան առաքեալներ են։ Ով խարդախում է նրանց մեծ գործը, նա ոչ քրիստոնեայ է, ոչ օգտակար։
Թող կորչի խաբէութիւնը, թող կորչի սնահաւատութիւնը, թող կորչի դրանց քաջալերող փարիսեցի եկեղեցականը, որ խաւարն է թանձրացնում խեղճ ժողովրդի հոգու աշխարհում։
(Վերջ)