ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
«Զարդ փառաց մեծութեան,
Որով նոյն ինքն Աստուածութիւնն պսակեալ բարգաւաճի»։
Գր. Նարեկացի «Մատեան Ողբերգութեան»
Բուն Բարեկենդանի յաջորդ օրուանից, այդ ուրախութեան ու զուարճութեան օրերին փոխարինելու է գալիս ինքնամաքրման եւ ժուժկալութեան եօթշաբաթեայ շրջանը, Պաս պապը գալիս է վռնտելու Ուտիս տատին, սկսւում է տարուայ ամենից երկար պահքը՝ Մեծ Պասը։
Առաջին իսկ օրուանից սկսւում էին բնակավայրի, սեփական մարմնի ու հոգու մաքրմանն ուղղուած արարողակարգերը։ Ընդհանրապէս՝ այս մաքրակենցաղութեան ու ինքնամաքրման ծէսերը, ինչպէս հասցրեցինք նկատել, կարմիր թելի պէս եզրագծում են ձմրան բոլոր տօները։ Այս շրջանը, կարծես, հոյակապ առիթ հանդիսանար ինքնամաքրման ու ապաշխարութեան, խոկումի ու ինքնավերլուծութեան միջոցով ոգին նորոգելու եւ վերստին ծնուելու, ու ամէն անգամ աւելի ու աւելի զարգանալու ու դէպի երկինք բարձրանալու, երկնային վեհ գաղափարներով տոգորուելու եւ սեփական ուղին գծելու։
Տան ամէն մութ ու լոյս անկիւնները աւլել-սրբելուց յետոյ՝ տանտիկինները բացում էին ամէն դուռ ու պատուհան եւ դուրս վռնտում մեծ ու փոքր չար ոգիներին՝ Շվոտներին, Ալքերին, Մեզնէ Աղէկներին, Խոնջոլոզներին եւ այլոց։ Այո-այո, չարքերին ու, ընդհանրապէս, չար ուժերին վռնտելու, յաղթելու արարողակարգերը եւս կրկնւում էին տունից տուն, որպէսզի ոչ մի կասկած, չարիքի գէթ մէկ նշոյլ չմնայ ցրտաշունչ ձմրանից յետոյ, որպէսզի հաստատապէս մաքրուի Դուրսն ու Ներսը եւ թագաւորի երջանկութիւնն ու բախտաւորութիւնը՝ ամենքի սրտերում, ամէն ընտանիքում, ամէն գիւղ ու գաւառում, եւ որպէս արդիւնք ողջ հայրենիքում, կը նշանակի եւ՝ աշխարհի մէջ։ Իր էութեան մէջ, ինքնամաքրման ու ապաշխարութեան այս ուղին պատասխանատուութիւն էր ոչ միայն սեփական անձի, այլեւ համակ աշխարհի եւ ողջ մարդկութեան առջեւ։ Քանզի եթէ մէկի սրտում վառւում է լոյսը, ուրեմն աշխարհում այլեւս կայ այդ լոյսը։
Մեծ Պասը գալիս էր նաեւ վերահաստատելու ներդաշնակութիւնը, հաշտեցնելու գժտուածներին, համերաշխութիւն բերելու հասարակութեան մէջ։ Ոմանք միջնորդների դեր էին ստանձնում, որպէսզի հաշտեցնեն անգամ թշնամիներին, եւ ոչ ոք չէր կարող խոյս տալ այս սովորոյթից, հակառակ դէպքում նրանք կը զրկուէին պահքի վերջում հաղորդուելու իրաւունքից։ Հարկ էր նաեւ առաջին օրը եկեղեցի գնալ. «ով այդ օրը եկեղեցում չլինի, հրեշտակները նրան հաւատացեալ չեն համարի»։
Նորահարսները, որ մինչ այդ օրը ջրի գնալու իրաւունք չունէին, առաջին անգամ գնում էին աղբիւրից ջուր բերելու։ Ետդարձին նրանք իրենց ձեռքերում բռնած ունէին փայտէ չոփեր, որ կոչւում էին «դովլաթի չոփեր», որոնցով մինչ ամրան գալը նորոգում էին կրակն ամէն անգամ, երբ կաթ էին տաքացնում. «այդպէս կաթը մշտապէս առատ կը լինի»։ Թխում էին եօթ փթիր՝ գաթայի պէս, եւ պահում, որ Համբարձման օրը վառեն կաթի կաթսայի տակ։
Չարի ազդեցութիւնից ազատուելու արարողակարգերից մէկն էլ վնասակար սողունները, միջատները աղալ-վերացնելու ծէսն էր։ Տղայ երախաներից մէկը բարձրանում էր տան կտուրը, երկու քար երկնքի քարերի նման մէկը միւսին շփելով բարձրաձայնում.
- Աղամ, աղամ, ի՞նչ աղամ։
Ներքեւում հաւաքուած տղաներից մէկնումէկը արձագանգում էր.
- Օձ ու կարիճ աղա՛։
Այս ձեւ շարունակում էին աղալ մուկը, աղուէսը, գայլը, սողուններն ու միջատները։
Տան հայրերն էլ ստուգում էին իրենց բահն ու արօրը, գութանն ու մշակի այլեւայլ գործիքները, որոնք ամիսներ շարունակ անբան էին մնացել, եւ այժմ եկել էր ժամը՝ դրանք նորոգելու, կարգի բերելու. մօտենում է գարնան վարուցանքը։
Տունն ու օճախը սրբել-մաքրելուց յետոյ անցնում էին տունը ալիւրով նախշելու ծէսին։ Այս սովորոյթը կրկին ուղղուած էր չարի կանխարգելմանը եւ, միեւնոյն պարագային, առատութիւնն ապահովելուն։ Մշեցիները, զորօրինակ, երկար ձողի ծայրին մի կտոր բամպակ էին փաթաթում, թաթախում ալիւրի մէջ եւ նախշում մրից սեւացած առաստաղը, այնպէս էին նախշում, որ կարծես գիշերուայ աստղազարդ երկինքը երեւար։ Ալիւրով նախշեր էին թողնում նաեւ մրոտ սիւներին, դրանց յաւելելով «սէ ձեւի նշանները, որպէսզի հաւերը թուխս նստելիս այդ նախշերի չափ ճուտիկներ ունենան։ Իսկ կանայք նորոգում էին կրակը եւ ջանում, որ այն Մեծ Պասի ողջ ընթացքին չմարի։
Մենք էլ հրաժեշտ տանք Էրզրումցիների պէս, ովքեր այդ օրը երդիկից նոր թխուած տաք հացերից մէկն էին ցած գցում՝ արտասանելով այսօր առաւել քան արդիական դարձած մաղթանքը. «Ով տաք հաց, դու առ Աստուած ելնես, այս ցաւն ու զօրը մեր տնէն-տեղէն վերացնես։ Ով տաք հացի պահապան հրեշտակներ, լսեցէք, առ Աստուած միջնորդ եղէք»։