Akunq.net լրատու գործակալութենէն կը լսենք Տիյարպեքիրի Սուրբ Կիրակոս Եկեղեցւոյ այժմու վիճակին մասին թերթի թղթակից Կարօտ Սասունեանի փոխանցած տեղեկութիւնները։ Ստորեւ կ՚արտատպենք Akunq.net-ի լրատուութիւնը։
Խնկի բոյրն առաջին անգամ հէնց այս եկեղեցում էի զգացել… Այնքան էր դուրս եկել, որ այդ կիսաւեր եկեղեցին պահպանելու նպատակով կից կառոյցում ապրող ընտանիքի անդամներից մէկն ինձ մի քանի կտոր խունկ էր տուել՝ թղթի մէջ փաթաթելով… Այդ կիսաքանդ եկեղեցին Սուրբ Կիրակոսն էր։ Ես Սասունի գիւղերից մէկում էի ապրում։ Երբեմն, գործի բերումով, Տիարպեքիր էի գալիս։ Գալուն պէս այցելում էի այդ եկեղեցին, որի տանիքը դեռ լիովին չէր փլուել։ Ամէն այցիս հետ նկատում էի, որ եկեղեցու տանիքից երկու կամ երեք քար էլ էր ընկել։ Ամէն անգամ մտածում էի՝ մի՞թէ մի ճար չկայ։ Չկա՜ր։
Դիտաւորեալ էին թողել, որ այն աւերուի։ Դիտմամբ էին պատժում նրան։ Եւ եկեղեցին քանդուում էր, ոչնչանում՝ ցաւ քաշելով ու ցաւ պատճառելով։ Գրքերում էինք ընթերցել, որ Սուրբ Կիրակոսը Մերձաւոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին է եղել, որ բաղկացած է եղել եօթ խորաններից, եւ որ երբ նրա զանգը հնչում էր, ձայնը մինչեւ Սասուն էր հասնում։ Գրքերից էինք իմացել, որ այս եկեղեցու զանգակատունը մզկիթի մինարէից բարձր էր եղել, որի պատճառով այն քանդել էին տուել։ Թնդանօթի ռումբերով անգամ չէին կարողացել զանգակատունը հողին հաւասարեցնել։ Դրա համար էլ Սիրիա «աքսորուած» մի հայ ճարտարապետի էին այդ գործը յանձնարարել։
Եկեղեցու բակում ապրող չգիտեմ քանի տարեկան Լուսյէն քոյրիկի՝ չգիտեմ որ համարի ակնոցները լուանում էի՝ բակում գտնուող փոքրիկ սեւ բազալտի քարից պատրաստուած եւ երիցուկի նմանուող ջրաւազանի անիւի միջոցով ջուր հանելով։ Ամէն անգամ աչքերս համբուրելով՝ օրհնում էր ինձ։ Սպասուած օրը եկաւ… Աստուած հոգիդ լուսաւորի, Լուսյէ՜ն քոյրիկ (գրուած է հայերէնով-Ակունքի խմբ)։ Այլեւս այն ջրաւազանի անիւը չկայ, որ ակնոցներդ լուանք։ Գողացել են… Գիտե՞ս՝ ջուրը չեն կարողացել գողանալ։ Թերեւս եթէ կարողանային, ջուրն էլ կը գողանային՝ ճիշդ այնպէս, ինչպէս մեր հայրենիքը գողացան… Մեր հայրենիքը կարողացան գողանալ, բայց հողը՝ ոչ…
Մի օր, երբ խիստ յորդառատ անձրեւ էր տեղում, նորից Տիյարպեքիր էի գնացել։ Մտքումս ասում էի՝ եկեղեցու տանիքի մնացեալ հատուածը չի դիմանայ այս անձրեւին։ Այդպէս էլ եղաւ։ Անձրեւը դադարել էր, իսկ եկեղեցու տանիքը՝ փլուել։ Այլեւս սկսուել էր անխուսափելի վերջը։ Պատերն էլ էին փլուելու, խորաններն էլ… Այսինքն՝ վախճանուելու էր մեր եկեղեցին։ Բակը լցուել էր տանիքի քարերով ու փոշով։ «Ի՞նչ է լինելու այս եկեղեցու վիճակը»,-հարցնում էի ես։ Անդօ հօրեղբայրը, աչքերը լցնելով, պատասխանում էր ինձ, տիարպեքիրցի վառարանագործ Անդօ հօրեղբայրը, ով յայտնի էր նաեւ Անդրանիկ Զօր անունով։
Նա էլ չէր լքել Սուրբ Կիրակոսը։ Հիւանդացաւ, ստիպուած եղաւ հեռանալ Սուրբ Կիրակոսից, ակամայ հիւրընկալուեց Իսթանպուլի Սուրբ Փրկիչ հիւանդանոցում։ Գնաց՝ չկարողանալով խնկի բոյրը նորից շնչել Սուրբ Կիրակոսում… Աստուած հոգին լուսաւորի (գրուած է հայերէնով-Ակունքի խմբ)…
Բանակում ինձ թագաւորի պէս էր դիմաւորել սասունցի Դանիէլ Քոյունճուն։ Երեք ամիս անընդմէջ ինձ պահել-պահպանել էր։ Ծնուել ու մեծացել էր Տիյարպեքիրում։ Նա եւս Սուրբ Կիրակոսում շնչել էր խունկի բոյրը։ Յանձն առաւ եկեղեցին վերջնական աւերումից փրկելու գործը։ Նրա դասընկերները բարձր պաշտօններ ունէին։ Նաեւ վերջինների աջակցութեամբ Դանիէլը գլխաւորեց եկեղեցու հիմնադրամի կազմաւորման գործը։ Եւ՝ երջանիկ աւարտ. եկեղեցին վերականգնուեց։ Քանդուած զանգակատան տեղում նոյնը կառուցեցին՝ նախկինի բարձրութեամբ։ Թէկուզ եւ յատուկ թոյլտուութեամբ, այնուամենայնիւ 40 տարի անց առաջին պատարագը մատուցուեց։ Աշխարհի բոլոր ծայրերից հայեր էին եկել։ Այդ մեծ եկեղեցու ներսն այնքան էր լցուած մարդկանցով, որ մեծ մասը բակում էր կանգնել։ Այստեղ անգամ կանգնելու տեղ չէր մնացել։ Դանիէլը շատ երջանիկ էր։ Տարիներ անց վերստին խունկի բոյրն էր շնչել եւ այլոց շնչել տուել Սուրբ Կիրակոսում։ Սեւ լուր հասաւ. Դանիէլի սիրտը կանգ էր առել. չկարողացաւ Սուրբ Զատիկը տեսնել, Սուրբ Յարութեան տօնի չէօրեքները (Զատիկին պատրաստուող խմորեղէն, կուլիչ-Ակունքի խմբ), գոյնզգոյն հաւկիթները… Աստուած Դանիէլի հոգին լուսաւորի… (գրուած է հայերէնով-Ակունքի խմբ)։
Յանկարծ մի փոթորիկ բարձրացաւ։ Տանկի ձայներ ու թնդանօթազարկեր լսուեցին. ամենուր ռազմի դաշտ դարձաւ։ Այն դէպքում, երբ 100 տարի անց վերստին մէկտեղուել էինք… երբ հողի տակն անցած ածուխը նորից սկսել էր մարմանդ կերպով այրուել, կրկին հողի տակ թաղուեց։ Ամէն բան միանգամից անհետացաւ։ Գրեթէ 3 տարի է, որ եկեղեցի մտնելն արգելուած է։ «Կյավուր թաղի» մուտքն ու ելքը փակուած են։ Ոստիկանական տեղամասեր են բացուել։ «Կյավուր թաղը» գետնին է հաւասարեցուել։ Ներկայ պահին մի մզկիթից ու մէկ եկեղեցուց բացի՝ ոչ մի կառոյց չի մնացել։ Մնացեալ շինութիւնների աւերումն էլ դեռ շարունակուում է։
Ես այս ընթացքում, այսինքն՝ 3 տարի շարունակ, ամէն կիրակի փորձել եմ «Կյավուր թաղ» գնալ՝ կրկին խնկի բոյրն առնելու յոյսով։ Արգիլուա՛ծ է։
Այս կիրակի այլեւս չդիմացայ. եկեղեցու գտնուած վայրի հետնամաս գնալով՝ յաջողեցի ներս մտնել՝ Սուրբ Կիրակոսի բակում գտնուող մի փոքրիկ կառոյցի պատին արուած անցքի միջոցով։ Խնամքով վերականգնուած խորանները քարուքանդ էին եղել, իսկ աթոռները՝ խրամատի վերածուել։ Եկեղեցին լեցուն էր աղբով, որը գոյացրել էին ամիսներով այդտեղ մնացած անձինք։ Գետնին ընդեղէն էր թափուած, քաղցրաւենիքի եւ պահածոյի տուփեր, չորամրգեր, վերմակ եւ այլն…
Սակայն ամենասարսափելին այն էր, որ գողացուած էին եկեղեցու սիւները միմեանց կապող բոլոր կամարները, որ կապարից էին շինուած։ Պատրիարքական աթոռը տարուել էր փոքր եկեղեցի։ Պատերը շատ չէին վնասուել, բայց պատուհանների բոլոր ապակիները կոտրուած էին։
Թալանուել ու հրկիզուել էր Սուրբ Կիրակոսի այն հատուածը, որը նախատեսուած էր ընծաների համար։ Կարծես թէ «Հօր կրօնը իր կեանքից վեր դասող» Կիւլիզարի (խօսքը գնում է մշեցի հայ Կիւլիզարի մասին, որի հայրը հոգեւորական էր։ Կիւլիզարն առեւանգուել էր մի քուրտ աղայի կողմից։ Սակայն նա չէր համաձայնուում ամուսնանալ մուսուլմանի հետ։ Կիւլիզարին իսլամացնելու համար շատ են ջանքեր գործադրում, բայց նա մահմետականներին ասում է. «Ես հօրս կրօնից երբեք չեմ հրաժարուի»։ Այս պատմութիւնը ներկայացուած է նաեւ մի քրտական երգում (Ակունքի խմբ.) սեւ բախտը վերադարձել ու պահպանւում էր։ Սեւաբախտ Կիւլիզարն էր կանգնած այդ աւերակների մէջ…
Երեք տարի անց առաջին անգամ մոմ վառուեց եկեղեցում… Գուցէ մութը ցրուի՝ մոմի կրակի շնորհիւ… Կարճ աղօթք արեցի՝ «Ազա՜տ ապագայ»։ Քարաճա լերան փէշին հիմնուած Տիգրանակերտը սեւ քարերից էր կառուցուել՝ իր սեւ բախտի նման, սեւաբա՜խտ Սուրբ Կիրակոս…
Եկեղեցու մօտ սեւ քարէ տաշտում նստած սեւ կատուն էլ էր վկայում, որ սեւ բախտը յղի էր սեւ օրերով…