Մի՞թէ կայ մարդ երկրագնդի վրայ, ով կարող է հրաժարուել գրին քարտից։ Green card։
Քանդակագործ Սարգիս Բաբաեանը հրաժարուեց ԱՄՆ-ից եւ շահեց…Հայաստան։ Ստացւում է, որ մի բան շահում ես՝ միւսը կորցնելով։ Կայ մի հրաշալի հետազօտութիւն, թէ ինչպէս գոյացաւ երեւանեան քաղաքակրթութիւնը։ Խօսքը 20-րդ դարի Երեւանի մասին է. կառուցելով մեր նոր մայրաքաղաքը, մենք լրացրեցինք այն կորուստը, որ ունեցանք Արեւմտեան Հայաստանից զրկուելուց յետոյ։ Այդ տեսութեան մէջ մասնաւորապէս ասւում է.
«Երբ 20-րդ դարի 60-ականներին առաջացաւ ժողովրդական շարժում, որի արդիւնքում Ծիծեռնակաբերդում կառուցուեց ցեղասպանութեան զոհերին նուիրուած կոթողը, ապա հետզհետէ եկաւ նաեւ գիտակցութիւնը, որ Երեւանն ամբողջովին դա քաղաք-յուշարձան է»։
Իր քանդակներից շատերը Սարգիս Բաբաեանը ստեղծեց ի պատասխան «Իսլամական պետութեան» գրոհայինների կողմից 2015-ին Սիրիայում գտնուող Պալմիրա քաղաքի ոչնչացումից յետոյ։ Նոյեմբերին երկու շաբաթ է բաց էր Սարգիս Բաբաեանի քանդակների եւ գրաֆիկայի անհատական ցուցահանդէսը Ռոյալ քլասիկ հաուզ (Royal Classic House) համալիրի առաջին հարկում։ Այցելուները գալիս էին ու կրկին վերադառնում ցուցասրահ, խնդրում, որ Սարգիսը բացատրի, պատմի իր քանդակների մասին, քանզի արուեստագէտի ամէն գործի մէջ կարծես թէ ներդրած էր յատուկ ծածկագիր։ Օրինակ, մի պատի վրայ կախուած էին անձրեւի փաթիլները (մետաղէ), որոնց վրայ ինչ-որ նշաններ էին փորագրուած։
Ամէն մի քանդակ կամ կրաֆիքական աշխատանք երկար գամում էին այցելուներին, ստիպում խորասուզուել եւ խորհել։ Կրաֆիքական մի քանի գործ այդպէս էլ կոչւում էին՝ «Մտահանգոյցներ»։ Դանթէի դժոխքը, քաւարանն ու դրախտը։ Կեփասն ու Արեւածագը, նոյն ինքը՝ Պետրոսն է աքլորը գլխին… Առհասարակ արուեստի գործ եւ ստեղծելու եւ հասկանալու համար պէտք է միանալ համաշխարհային գրականութեան եւ արուեստի ժառանգութեան ցանցին…
Երեք գործօն դեր խաղացին Սարգիս-քանդակագործի կայացմանը.
1. Դա նրա երկու պապիկներն էին. մէկը շինարար, իսկ միւսը ատաղձագործ, որոնց շնորհիւ նա փոքրուց տիրապետում էր քարեմշակման եւ փայտէ կամ մետաղէ նիւթի վրայ փորագրման գործիքներին։ «Քանդակագործութեան մէջ որպէս արուեստի տեսակի մեծ տեղ է գրաւում արհեստը»,- նշեց Սարգիսը։
2. Ընթերցանութիւն, յատկապէս շատ էր ընթերցում, երբ զօրակոչուեց բանակ։ Վերադարձից յետոյ շարունակեց ուսումը Թերլեմեզեանի անուան գեղարուեստական ուսումնարանում (այժմ կոչւում է գեղարուեստի պետական քոլէժ), այնուհետեւ՝ Գեղարուեստի ակադեմիայում։
3.Այն անձինք, որոնք մեծ ազդեցութիւն ունեցան նրա մասնագիտական դաստիարակութեան գործում։ Սարգիսը յիշատակեց Հրայր Գրիգորեանին ուսումնարանից, որը առաջարկել էր Սարգիսին զբաղուել քանդակով. «Ես ցանկանում եմ տեսնել քեզ արձանագործ», Գարեգին Դաւթեանին ակադեմիայից, որը խրախուսում էր իր ուսանողներին. «Դուք թռէք, ես կը բռնեմ» (ի նկատի ունենալով համարձակ փորձերը)։ Նաեւ բախտ ունեցաւ երկու ամիս անցկացնել Մոսկուայում Նիկողայոս Նիկողոսեանի (1918-2018) արուեստանոցում եւ ստեղծել Վարպետի քանդակը։
Իր ծնուած օրուանից մտածող մարդը փորձում է երկխօսութեան մէջ մտնել արարիչ Աստծու հետ, եւ միայն արուեստագէտներին է յաջողւում հասնել այդ նպատակին։ Ինչպէս ասում էր մեծ արձանագործ Երուանդ Քոչարը. «Մարդ ստեղծում է, որովհետեւ Աստուած ինքը ստեղծող է, իսկ մարդը «Աստծոյ պատկերն ունի»։ Կը նշանակէ՝ արուեստն է Աստծուն մօտենալու ճանապարհը, եւ գեղարուեստը մի աշխարհ է, որտեղ մարդը երջանիկ է, վեհ եւ ուժեղ։ Արուեստը մարդկային հոգու, էմոցիայի պաթոսն է։ Արուեստը ինքը հոգին է։ Արուեստի մէջ կամ աւելի շուտ արուեստագէտի մէջ է մտնում Ինքը՝ Աստուած, եւ ցոյց է տալիս նրան՝ ընտրեալին, աստուածային ճանապարհը»։
Տարիներ առաջ Սարգիս Բաբաեանը իր չորս ընկերների հետ Նկարիչների Միութիւնում բացեց «Էմանացիա» անունով սքանչելի մի ցուցահանդէս։ Այդ ժամանակուանից ես նրանց ընկալում էի որպէս անբաժան միութիւն. Սարգիս Բաբաեան, Գեղամ Աբրահամեան, Արգիշտի Յարութիւնեան, Գէորգ Թադեւոսեան եւ Աշոտ Գէորգեան։ Նրանք միասին էին անցնում Քոչարի ասած աստուածային ճանապարհը եւ գուցէ այժմ շարունակում են տարբեր ուղղութիւններով, բայց նրանք ունեն իրենց ուրոյն աստուածը - դա նրանց բարեկամութիւնն է։