«Անադոլու Քուլթուր»-ի նոր նախագիծը

«Ապագայի Ապագան» , (Future for Future/Geleceğin Geleceği) հետազոտական-ստեղծագործական նախագիծ է, որ կ'իրականացվի «Անադոլու Քուլթուր»-ի կողմէ՝ համադրողներ Ռուբեն Արևշատյանի, Քևսեր Գյուլերի, Արմեն Եսայանցի և Մարինա Փափազյանի հետ համագործակցությամբ։

Հաստաթիւնը յայտարարեց հետեւեալ բացատրութիւնը.

«Նախագծի նպատակն է ի մի բերել արտիստական տարբեր հայացքներ, որոնք բացահայտում են Հայաստանում և Թուրքիայում առկա իրավիճակների, դիրքորոշումների ու ինքնությունների բազմազանությունն ու փոփոխականությունը։ Մենք փնտրում ենք երկու երկրների արվեստային և հասարակական համատեքստերի ուսումնասիրմանը ներգրավվելու ցանկությամբ համակված մասնակիցների, որոնք անդրդառնալով երկու երկրների մեծ լարվածությամբ գերհագեցած պատմությանը, զուգահեռաբար ձգտում են ընդհանուր ապագայի։

Երկու երկրների արվեստագետները այսօր առերեսվում են հարացուցային փոփոխությունների հետ, երբ աշխարհը անցնում է աննախադեպ ձևափոխումների միջով , և ապրում են «պատմության» ականատեսները լինելու կամ էլ «համաշխարհային պատմական իրադարձության մասը դառնալու» սոսկալի զգացողությամբ, որը կարծես մի սովորական դադար է մեր առօրյայում։ Մինչդեռ մեզանից շատերը քաջ ծանոթ են ինչ ասել է դադար, որի, երևի թե, լավագույն վկայությունը հենց փակ սահմաններն են, որ երկուստեք հատում են պատմական, մշակութային և հոգեբանական տարածքները, այդուհանդերձ դեռ կա հնարավորություն երևակայելու ապագաներ, ընդգրկելով մեր ընդհանուր անցյալն ու գալիքը տեսնելու հնարավոր այլ ուղիներ։

Արդյոք կարո՞ղ ենք մենք սահմանել մի ընդհանուր քննադատական դիսկուրս, որը մեզ հնարավորություն կտա գեներացնելու՝ այսօր գերակայող, փոխադարձ բացառման տեսլականներից անդին «գալիքներ»։ Որո՞նք են արվեստային պրակտիկաների այն ձևերն ու մարտավարությունները, որ կսահմանեն այդ «գալիքները»․ վերականգնող, սադրիչ, առանցքազուրկ կամ մեկ այլ։ Ինչպիսի՞ ապագաներ կարելի է կազմակերպել՝ հիմք ընդունելով արդեն իսկ գոյություն ունեցող հավաքական/համայնքային պրակտիկաները, գիտելիքի և փորձի փոխանակման փորձառությունները։ Ինչպե՞ս մենք այսօր կարող ենք խոսել ապագայի (ապագաների) մասին ՝ բաց լինելու, բազմակարծության կամ բազմազանության տեսանկյունից։ Ինչպե՞ս կարելի է թարմացնել «ապագայի» վերաբերյալ գոյություն ունեցող հայեցակարգերը, որոնք պատմության բազմաթիվ հանգույցներում օգտագործվել են տարբեր նպատակների հասնելու համար՝ քայքայելով իրենց ներուժը։

Ապագայի՞ ապագա, անհա՞ս ապագա, ա՞յլ ապագա, ազատագրո՞ղ ապագա։ Նախագծի վերնագիրը ծնվել է հայերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով՝ ապագան բնութագրող բազմապիսի շերտերի վերաբերյալ մեր քննարկումների արդյունքում։ ԱԱ / FF / GG-ն հրավիրում է այս շերտերը միասին լրացնելու և բացահայտելու։

ԱԱ / FF / GG նախագիծը միտված է արվեստագետներին առաջարկել հարթակ, որտեղ ձևավորվող ապագայի պատկերացումների մասին մոտեցումները վերաբերում են, սակայն չեն սահմանափակվում այնպիսի դիսկուրսներով, ինչպիսիք են օրինակ՝ միասնականությունը, բաժանումը և սեգրեգացումը, հասարակական հարաբերություններն ու համերաշխության հին և նոր ձևերը, տարաբնույթ համայնքներ ստեղծելու պրակտիկաները, ինչպես նաև անցյալի, ներկայի ու ապագայի տեխնոլոգիաները։ Այս նախագծի շրջանակներում մենք ձգտում ենք այնպիսի հարթակ ստեղծել, որը կարտացոլի ու կմարմնավորի միասին լինելու ուղիներ։ Խնդիր, որը կարծես երբեք այդքան ընդգրկուն և անհերքելիորեն հրատապ չի եղել՝ որքան այսօր։

ԱԱ / FF / GG նախագիծը, որ ձևավորվելու է երկխոսությունների, հետազոտական և ստեղծագործական գործընթացների միջոցով, նախատեսում է տարբեր ձևաչափերով հանդիպումներ, վորքշոփեր, հանրային ծրագրեր և ցուցադրություններ Երևանում, Ստամբուլում և որևէ եվրոպական երկրում; ինչպես նաև առցանց հարթակում նյութերի ներկայացում և հրատարակություն նախագծի ավարտին։»