«Ոսկէ Ծիրան»-ի ոսկի օրերը

11-րդ «Ոսկէ Ծիրան»-ին որպէս մշակութային օճախ միացել էր եւս մի կեդրոն՝ դա «Մետաքսէ ճանապարհ» հիւրանոցն էր, բացուած՝ Այգեձոր 53 հասցէով, ԱՄՆ-ից ժամանած Լեւոն Տէր-Պետրոսեանի կողմից։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

11-րդ «Ոսկէ Ծիրան»-ին որպէս մշակութային օճախ միացել էր եւս մի կեդրոն՝ դա «Մետաքսէ ճանապարհ» հիւրանոցն էր, բացուած՝ Այգեձոր 53 հասցէով, ԱՄՆ-ից ժամանած Լեւոն Տէր-Պետրոսեանի կողմից։ Թէեւ հիւրանոցը նախատեսուած է 10-14 հոգու համար, փառատօնին այստեղ հաւաքւում էին կինօդիտողներ եւ լրագրողներ, կինօգործիչներ եւ կինօքննադատներ, որպէսզի դիտեն, այնուհետեւ քննարկեն Փարաճանովի ֆիլմերը եւ ֆիլմերը՝ Փարաճանովի մասին, քանզի այս տարուայ փառատօնը նուիրուած էր Փարաճանովի 90-ամեակին։

Քեզ հետ ու առանց քեզ

Փարաճանովի ապրածի եւ ստեղծածի հանդէպ հիացմունք եւ արցունք առաջացնող ֆիլմերի կողքին ցուցադրուեց բոլորովին թարմ մի ֆիլմ, որը կարծես արուած լինէր ի մէջ այլոց. Արմեն Խաչատրեանի «Երազանքների Պատը» 44 րոպէանոց վաւերագրական մտորումն էր Փարաճանովի եւ նրա բացակայութեան մասին։ Այստեղ՝ Լոռու մարզում, որտեղ կանգնեցրած են Հաղբատ եւ Սանահին վանքերը, ամէն ինչ նոյնն է, ինչ 1968-ին էր, երբ Փարաճանովը նկարահանում էր իր «Նռան Գոյնը» Սայաթ-Նովայի մասին։ Սակայն այս անգամ վանքերը ոչ թէ գործող անձինք էին, այլ՝ հանճարեղ ֆիլմի վկաներ։

Ընդամէնը վկաներ են տարեցներն ու թերահասները, այս բնութիւնը իր ծաղիկներով եւ ամպերով, աղջկայ արեւափայլ ժպիտով։ Գեղեցիկ է շուրջբոլորը։ Եւ լուռ։ Լռութիւնը հանճարն է փառատում, շրջանակի մէջ դնելով գեղեցկութիւնը։ Գեղեցիկը ինքնին ոչինչ է առանց արուեստագէտի ներկայութեան;եւ ահա Արմենը վաւերագրական ֆիլմ էր արել գեղարուեստական ֆիլմի մասին, լռութեան մասին, որը տիրում է հանճարի աղմուկից յետոյ։ Արեւածագի։ Զբօսաշրջիկների, որոնք այցելում են այս վայրերը եւ նրանց պատմում են արդէն ո՛չ թէ վանքերի մասին, այլ թէ ինչպէս էին դրանք նկարահանւում Փարաճանովի ֆիլմում։ Ամէն ինչ լուռ է. քարերը, խաչքարերը, բնութիւնն ու մարդիկ, որոնք ընդամէնը «հումք» են, նրանք կրկին կը խօսեն հանճարի առկայութեամբ…

Կիմ Կի Դուկ

Սակայն երբ հանճարը քեզ հիւր է գալիս, աւելի լաւ է լռես ու մտիկ անես նրան։ Ժամանակակից կինօաշխարհի քայլող առասպել, ռեժիսոր, որի գործերը պարտադիր պէտք է դիտել եւ սպասել նոր գործին, դա քորէացի Կիմ Կի Դուկն է։ Եկաւ Հայաստան, թէպէտ տեղեակ էլ չէր մեր մասին, բայց քայլեց Երեւանի փողոցներով եւ բացայայտեց, որ Հայաստանը շատ նման է իր Քորէային… աղքատութեամբ.

«Բարեւ ձեզ, ես Կիմ Կի Դուկ անունով քորէացի ռեժիսոր եմ (ծիծաղ)։ Եկել եմ Հայաստան, իմանալով, որ այստեղ հետաքրքրւում են իմ ֆիլմերով։ Մինչեւ կինօ, ես զբաղուել եմ մեքենաներով։ Քորէայում միայն 50%-ը կարող են դպրոց յաճախել, ես միւս 50%-ին եմ պատկանել, աշխատել եմ գործարանում եւ սովորել եմ այնպիսի բաներ, որ դպրոցում չեն անցնում։ Այնպէս որ կարելի է չգնալ դպրոց։ Իմ ֆիլմերը տարբերւում են հոլիվուտեան եւ միւս քորէական ֆիլմերից. ես նկարահանում եմ այն, ինչ ապրել եմ։ Ես սկսեցի գրել սցենարներ, երբ հասկացայ, որ ամէն մարդ կարող է ֆիլմեր նկարահանել…»։

Այսպիսով մեր առջեւ մի ստեղծագործող էր, որը ֆիլմերի միջոցով խօսում է մարդկութեան հետ, նա գտել է իր խօսելու ձեւը։ Իր ֆիլմերի մէջ շատ քիչ խօսք կայ, նրանք աւելի մօտ են գեղանկարչութեանը, մարդիկ իր ֆիլմերում կարծես իր ձեռքով նկարած կերպարներ լինեն, որոնք իրար հետ կարող են սեքսով զբաղուել կամ կռուել, իսկ յետոյ յանգում ես հետաքրքիր եզրակացութիւնների, օրինակ, երբ սիրում ես, ապա կարելի է նոյնիսկ չսիրած մարդու հետ ապրել կամ ամենաանհաւանական բանը բարիութիւնն է, որին ոչ ոք հենց այնպէս չի հաւատում «Դատարկ Տուն»։

Կիմ Կի Դուկի ուսուցիչները երկուսն են՝ կեանքը եւ կեանքի փորձութիւնները։ Դիտելով նրա ֆիլմերը հնարաւոր չի չփոխուել։ Սակայն ամենակարեւորն այն է, որ Կիմ Կի Դուկի նման հանճարը ստիպում է մարդկութեան հայեացքը շրջել Արեւմուտքից դէպի Արեւելք, դէպի իր Քորէան, դէպի երգահնչիւն քորէական լեզուն, ի դէպ ռեժիսորը խօսում էր իր լեզուով, այլ ոչ անգլերէնով, եւ թարգմանում էր քորէերէնից Աննա անունով մի աղջիկ, սակայն Կիմ Կի Դուկի համար քիչ էր խօսել իր լեզուով, նա երգեց եւ լեցրեց տիկնիկայինի դահլիճը, որտեղ կայացաւ հանդիպումը ռեժիսորի հետ, չլսուած մեղեդիով. մի նոր տարածութիւն բացեց այն մեզ համար, մի նոր աշխարհ, յետոյ նա խորհուրդ տուեց հետաքրքրուել փոքր արեւելեան երկրների կինոյով։

- Ճի՞շդ է, որ դուք չէք սիրում մարդկանց,- հարցրեց լրագրողներից մէկը, որը տեղեկացել էր այդ մասին համացանցից։

- Արդէն սիրում եմ,- պատասխանեց քորէացի իմաստունը։

Եւ իրօք, ինչպէս ասում էր Թոլսթոյը, «մարդը հեղուկի պէս է», ուրեմն նա միշտ փոխւում է եւ օգուտ է քաղում եւ ատելութիւնից եւ սիրուց։

Մերկ մտքեր

Փակման ֆիլմը այնքան հանդիսականներ հաւաքեց, որ տեղերը չբաւեցին «Մոսկուա» կինօթատրոնի Կարմիր դահլիճում։ Ժան-Լիւք Գոդարի «Հրաժեշտ Լեզուին» ֆիլմն էր, նկարահանուած 3D-ով, որի համար բաժանեցին ակնոցներ, սակայն նրանք, ովքեր գիտէին Գոդարի մասին միայն այն, որ նա ֆրանսիացի է եւ էքրանի վրայ ֆրանսիական կինօ են դիտելու, խիստ հիասթափուեցին եւ սկսեցին շուտափոյթ լքել դահլիճը, նամանաւանդ երբ տեսան մերկ կնոջ եւ տղամարդուն, բայց Գոդարը իր ֆիլմերում պատմութիւններ չի պատմում, նա իր մտքերն է արտայայտում սքանչելի պատկերների ֆոնի վրայ, օրինակ, մի՞թէ կենդանիները մերկ են համարւում, ուրեմն ինչո՞ւ են մարդիկ մերկ, իսկ հաւասարութիւնը գոյութիւն ունի միայն պէտքարանում եւ այլն։

Սիրոյ եւ բարութեան դասեր

Այնուամենայնիւ հանդիսատեսը փնտռում էր իր կինօն, ցաւօք, նա չգտաւ այն ո՛չ յունական ֆիլմում «Տանը», ո՛չ թուրքական «Ես Նա Չեմ», ո՛չ էլ ռուսական «Աստղ», որը նկարահանել էր հայազգի Աննա Մելիքեանը։ Միայն վերջին օրը, երբ ցուցադրում էին մրցանակակիր ֆիլմերը, երկու ֆիլմ վերջապէս յուզեցին դահլիճը մինչեւ արցունքները, դա Ուբերտօ Պազոլինիի «Նատիւրմորտ»–ն էր (Մեծ Բրիտանիա, Իտալիա) եւ վրացի Լեւան Կոգուաշվիլիի «Կոյր Ժամադրութիւններ»ը։

Գիտէ՞ք, թէ ինչ կար այդ ֆիլմերում –ես կ՚անուանէի դա ստորջրեայ հոսանքներ, այսինքն այն, ինչ դու չես տեսնում ջրի երեսին։ Երկու ֆիլմերն էլ բարութեան մասին էին, բարի մարդու մեծ բեռի… Իսկ սիրոյ մասին գոնէ մէկը ակնարկե՞ց։ Իսկական սիրոյ մասին մենք տեսանք Սեգ Կիրակոսեանի վաւերագրական ֆիլմում «Մենք ուղղակի ուզում էինք երջանիկ լինել»։ Սէր, որի առջեւ ոչ մի խոչընդոտ ի զօրու չէր. ո՛չ բանտի ճաղերը, ո՛չ հարազատների անհանդուրժողականութիւնը, ո՛չ երախայի արատները։ Չհնարած պատմութիւն էր, որին երիտասարդ Սեգ Կիրակոսեանը հետեւել էր մի քանի տարուայ ընթացքում եւ նրան յաջողուել էր այս նուրբ ու չափազանց անձնական նիւթի միջոցով մատուցել սիրոյ արժանապատուութեան եւ տոկունութեան դաս։