10 տարի անց

Մի պոէտ խոստովանում էր, որ պոէտի ողբերգութիւնը նրանում է, որ նա պոէտ է եւ ի վիճակի չէ պարզ ձեւով գրել, այլ կոչուած է յանգերով գրել… Այդ պոէտը 26 տարեկանում անձնասպան եղաւ։ Պոէտները յաճախ են անձնասպան լինում։ Ժուռնալիստները անձնասպան չեն լինում, նրանք շատ յաճախ սպանւում են այն ուժերի կողմից, որոնք կոչուած են լռեցնել ճշմարտութեան ձայնը։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Մի պոէտ խոստովանում էր, որ պոէտի ողբերգութիւնը նրանում է, որ նա պոէտ է եւ ի վիճակի չէ պարզ ձեւով գրել, այլ կոչուած է յանգերով գրել… Այդ պոէտը 26 տարեկանում անձնասպան եղաւ։ Պոէտները յաճախ են անձնասպան լինում։ Ժուռնալիստները անձնասպան չեն լինում, նրանք շատ յաճախ սպանւում են այն ուժերի կողմից, որոնք կոչուած են լռեցնել ճշմարտութեան ձայնը։

1943-ի Սեպտեմբերի 8-ին ֆաշիստները Պեռլինում մահապատժի ենթարկեցին չեխ գրող եւ լրագրող Յուլիուս Ֆուչիկին (1903-1943) եւ 8 Սեպտեմբերը դարձաւ Ժուռնալիստների Համերաշխութեան Տօն։ Այդ տօնից մէկ շաբաթ անց Հրանդ Տինքի 60-րդ Սեպտեմբերն է նշուելու։ Ահա այս արանքում ես որոշեցի ներկայացնել լրագրողների, որոնք Ֆուչիկի եւ Տինքի նման ճշմարտութիւնը բացայայտելու համար կանգ չեն առնում մահացու վտանգների առաջ։

Բեսլանի ողբերգութիւնը

Բեսլանում ուսումնական տարին սկսւում է 5 Սեպտեմբերից, քանզի մինչեւ 5-ը 2004-ի ահաբեկչութեան զոհերի ոգեկոչման օրերն են։ 2004-ի Սեպտեմբերի 1-ին, 32  չեչեն ահաբեկիչներ մտան Բեսլանի (Ռուսաստանի Դաշնութեան կազմի մէջ գտնուող Հիւսիսային Օսեթիա) N-1 դպրոց եւ երեք օր պատանդ պահեցին 1000-ից աւել մարդկանց, այսինքն դպրոցի աշխատակազմին, աշակերտներին, ծնողներին եւ Սեպտեմբերի 1-ի տօնին հիւր եկած հարազատներին եւ բարեկամներին։ Ականապատելով սպորտային դահլիճը, նրանք խոստացան պայթեցնել այն։ 

Սեպտեմբերի 3-ին ահաբեկիչները պայթեցրին դահլիճը, իսկ փախչողների ետեւից սկսեցին կրակել։ Պատանդներին փրկելու համար անվտանգութեան ուժերին հրաման տրուեց անցնել գրոհման։ Ահաբեկչութեան արդիւնքում զոհուեցին 334 հոգի, որոնցից 186-ը երախաներ էին, իսկ ողջ մնացածները, ականատեսները, փրկողները կամ փրկել փորձողներն ու չյաջողածները յաւէրժ մնացին այդ օրերի սարսափի կրողները, որը յաղթահարել ի զօրու չի ժամանակը։ Վիշտը ժամանակի հետ համընթաց քայլում է, չի նուազում, այլ՝ ընդհակառակը, աճում է, քանզի կատարուած փաստից զատ սարսափեցնում է հրէշաւոր Սուտը, որն ուղեկցում է Բեսլանի ողբերգութեանը։

Բեսլանի ճշմարտութիւնը

Կայ ողբերգութեան պաշտօնական վարկածը եւ կայ իսկականը, որը մեր օրերում սքօղելն անհնար է, սակայն 2004-ից արդէն մէկ տարի անց 2005-ին մի փոքրիկ թերթում (1000 տպաքանակով) «Կրամոլա» անունով (ռուս. «Դաւադրութիւն»), Տմիթրի Վորոբէով լրագրողը գրեց «Ճշմարտութիւնը Բեսլանի մասին աւելի սարսափելի է, քան դուք կարծում էք»։ Ժուռնալիստը անդրադարձաւ, որ Բեսլանին նախորդեցին 2 ինքնաթիռի պայթիւններ եւ ո՛չ ոք ուշադրութիւն չդարձրեց, որ Մոսկուա-Սոչի չուերթից առաջ 6 ուղեւորներ հրաժարուեցին ինքնաթիռ նստելուց։

Ինչ վերաբերւում է 32 ահաբեկիչների, ապա նրանք բաց էին թողնուած Ռուսաստանի բանտերից. դատապարտուած լինելով 10-15 տարի ազատազրկման, նրանց 1-2 տարի անց ազատեցին։ 32 ահաբեկիչներից ողջ էին մնացել միայն 3-ը, սակայն երեքից երկուսը անհետացան։ Այդ մէկին էլ ծեծով հասկացրեցին, որ 32 թիւը հաւաստիացնի։ Մնացած ահաբեկիչներին այնքան կրակոցներ էին գլխին հասցրել, որ դէմքերը անճանաչելի էին դառել։ Գլխաւոր թերթը, որը 2005-ից յանդգնում էր փաստերի ճշմարտացի պատկերը տալ, դա «Նովայեա գազետա» թերթն է (ռուս. «Նոր թերթ»)։ Հենց այստեղ Ելենա Միլաշինան 2014-ի Սեպտեմբերի 1-ին գրեց «Բեսլան։ 10 անց» յօդուածը, որտեղ առաջին անգամ հանրութեանը ներկայացրեցին ճշմարտութեան գլխաւոր բացայայտողին եւ արժի, որ աշխարհը ճանաչի այդ մարդու անունը՝ Յուրի Սաւելիեվ, տեխնիկական գիտութիւնների դոկտոր, փրոֆէսոր, դաշնային խորհրդարանային յանձնաժողովի անդամ, որը հետաքննում էր Բեսլանի ողբերգութիւնը։

Սաւելիեվը քայլ առ քայլ, փաստ առ փաստ, պատանդների բազմաթիւ վկայութիւնների շնորհիւ եւ կատարածի տեղանքը հետազօտելով, բացի այդ լինելով պայթիւնների փայլուն մասնագէտ, բացայայտեց նոյնիսկ իրեն համար անսպասելի եւ հրէշաւոր փաստ. ողբերգութեան հեղինակը իշխանութիւնն է, իսկ մարդը, ով հրաման տուեց պայթեցնել շէնքը,- Անվտանգութեան ուժերի հրամանատար կեներալ Տիխոմիրովն էր։ Սաւելիեվի զեկոյցը 1400 էջանոց էր եւ խորհրդարանում ոչ ոք չցանկացաւ ծանօթանալ դրա հետ։ Ժիրինովսկին բացականչեց. «Միթէ՞ մենք պիտի այդքանը լսենք»։

Ըստ պաշտօնական վարկածի պատանդները զոհուեցին սպորտային դահլիճի պայթիւններից, սակայն ըստ վկայութիւնների ահաբեկիչների սարքերը չէին պայթել, այլ՝ պայթիւնները դրսից էին արուած, սպորտային դահլիճում հրդեհ բռնկուեց, որից յետոյ նրանք, ովքեր ողջ մնացին, վազեցին դպրոցի հարաւային թեւը, իսկ ահաբեկիչները նրանց որպէս վահան օգտագործեցին, այսպիսով դահլիճից փախածները աւելի սարսափելի մահ գտան հարաւային մասում, քանզի «փրկողները» կրակում էին դպրոցի վրայ հրցիրներից եւ նռնականետերից։ «Ձեզ ձերոնք են սպանում», զարմանում էին ահաբեկիչները։ 32 թիւը կարեւոր էր, որովհետեւ իրականում այդ 32-ից զատ պատանդները շարունակ յիշատակում էին ահաբեկիչների ղեկավարներին, որոնք ունէին սլաւոնական արտաքին եւ լաւ ռուսերէն, որոնք սակայն պայթիւններից առաջ անհետացան։ Սաւելիեվը 2 տարի օրն ի բուն հետաքննութիւն է անցկացրել, լրագրող Միլաշկինան 2 տարի շարունակ Մոսկուայից Բեսլան է մեկնել, որի արդիւնքում նրանք բացել են մեր աչքերը. փրկարար գործողութեան նպատակը եղել է ոչ թէ պատանդների փրկութիւնը, այլ՝ ահաբեկիչների ոչնչացումը։

Լրագրողներ-պաշտպաններ

2006-ին Միլաշկինայի վրայ յարձակում է կատարուել, իսկ 2012-ին Մոսկուայի մերձակայքում նրան դաժան ծեծի ենթարկեցին եւ կողոպտեցին։ Միլաշկինան պարզ լրագրող չէ, նա իրաւապաշտպան է. այդպիսին էր նաեւ Աննա Պոլիտկովսկայեան, որը նոյնպէս պաշտպանում էր մարդկանց իրաւունքները ճշմարտութիւնների միջոցով եւ անվախութեան համար վճարեց կեանքով. նրան գնդակահարեցին Հոկտեմբերի 7-ին շէնքի վերելակում։ Միլաշկինան նրա սպաննութեան գործն էլ էր հետաքննում։ Ահ ու սարսափ սերմանող պետութեան ղեկավարները իրենք են սարսափում նմանօրինակ արդարասէրներից։