Երեւակայէք նման մի տեսարան. ամուսնական զոյգ (կինը հայազգի է, ամուսինը՝ գերմանացի), հեռատեսիլի առջեւ սպասում են հաղորդմանը՝ գարեջրի մասին։
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
Երեւակայէք նման մի տեսարան. ամուսնական զոյգ (կինը հայազգի է, ամուսինը՝ գերմանացի), հեռատեսիլի առջեւ սպասում են հաղորդմանը՝ գարեջրի մասին։ Կինը նախապէս յայտնում է ամուսնուն, որ «Գիտե՞ս, հայերն են առաջինը գարեջուր յօրինել», ինչից գերմանացին զայրանում է «Նորից հայերը, ամէն ինչում հայերն են առաջինները, բաւական է», սակայն քիչ անց գերմանական հեռատեսիլը ի զարմանս ամուսնու պատմում է, թէ ինչպէս են հայերը գարեջուր պատրաստել եւ անուանել այն գարու գինի, որոնք պահւում էին տակառների մէջ։ Գինու մէջ լողում էր գարին եւ խրուած էին տարբեր չափսերի եղէգներ. ցանկացողը եղէգնի ծայրը դնում էր բերանը եւ քաշում գինին։ Պատմեցին նաեւ հայկական ջրի մասին, ի դէպ անցեալներում Սեւանի ջուրը խմելու համար պիտանի էր։ Գերմանացին մտիկ էր անում՝ եղէգնի փոխարէն բերանում պահած Պաւարիական գարեջրի շիշը եւ զայրոյթը հետզհետէ փոխւում էր զարմանքի։
Մի քիչ պատմութիւնից
Բացի գարուց օգտագործում են նաեւ բրինձ, օրինակ, Ճապոնիայում (սաքէ), կորեկ, աշորա, ցորեն… Թնդութիւնը կախուած է ալքոլի տոկոսից, սովորաբար 3-5,5 % է լինում։ Սովորաբար… Սակայն հետզհետէ այդ տոկոսը սկսեց գերազանցուել, սկզբից Գերմանիայում հասան 10,5 %-ի, այնուհետեւ Աւստրիայում՝ 11%-ի, իսկ չեխական “X-BEER 33”-ը հասաւ 14%-ի։ Վերջապէս գերմանական Schorschbrau-ն 2009-ին արտադրեց գարեջուր 40% ալքոլով եւ դա էլ գերազանցուեց սկովտիացիների նոր գարեջրով, որի սպիրտը 67,5% էր եւ այդ ուժեղ գարեջուրն անուանեցին Snake venom, այսինքն Օձի թոյն, սպիրտի տոկոսը գերազանցում էր ոչ միայն գարեջրի թնդութիւնը, այլ նաեւ վոդկայի եւ whisky-ի։
Եթէ կայ գարեջուր, ուրեմն կայ այդ խմիչքից առաջացած տրամադրութիւն, որը կարող է վերածուել տօնի։ Աշխարհում յայտնի գարեջրային փառատօններից է Oktoberfest Միւնիխում, որը սկսւում է Սեպտեմբերին եւ աւարտւում է Հոկտեմբերին։ Վիթխարի վրաններ են խփում, խելքից դուրս ուրախանում են։ Օրերով ուրախանալը հսկում է յատուկ ծառայութիւնը, որը մասնակիցների գլխարկներին ամրացնում է լուսաթարթ լամբեր, որպէսզի դրանով յետագայում մթին գտնի փողոցներում ընկած ուժասպառ մարմինները։ «Ժողովրդական տօն» է կոչւում գարեջրի փառատօնը Շթութկարտում՝ Cannstatter Volksfest։ Յայտնի փառատօններ կան Մեծ Բրիտանիայում, Չեխիայում՝ Pilsner Fest, որն ուղեկցւում է համերգներով եւ ներկայացումներով գարեջրի թանգարանում։ Իսկ Պրուքսելում կայ նոյնիսկ գարեջրի միջազգային դատարան։
Կարապի լճում
Օգոստոսի 22-ին Երեւանի օփերայի եւ պալէի թատրոնին յարակից Կարապի լիճ զբօսավայրում առաջին անգամ հանրապետութիւնում անցկացուեց Գարեջրի փառատօն։ Կազմակերպիչը Երեւանի քաղաքապետարանն էր՝ «Երեւանի ամառ» ծրագրի շրջանակներում։ Հետաքրքիր է, որ փառատօնը ինչպէս առհասարակ մեր բոլոր փառատօնները, ներգրաւեց միայն որոշակի քանակութեամբ մարդկանց, որոնք մնացին ունկնդրողի դերում, այլ ոչ մասնակցի։ Դեռեւս աւանդոյթ չունի այս տօնը, մնում է ընդամէնը միջոցառման շրջանակներում։ Յատկապէս անվճարունակ զանգուածն էր հետաքրքրուել, սակայն տեսնելով, որ կոմունիզմ չի սպասւում, հեռուից սկսեցին դիտել նրանց, ովքեր պատուիրում էին խմիչքը։ (Սովետի շրջանում մեզ սովորեցնում էին, որ կոմունիզմի ատեն կը յաղթի «Ամէնքից ըստ ունակութեան, ամէնքին ըստ պահանջի» կարգախօսը, այսինքն ապրանքը անվճար կը տրուի)։
Հայերը ուտող-խմող ազգ են. խմում են, որովհետեւ ուտում են, այլ ոչ ընդհակառակը, ուստի հերթեր գոյացան ուտեստների տաղաւարներում՝ «Berliner hot dog» եւ «Beer academy»։ Կարապի լճի հայելու պէս մաքուր եւ թափանցիկ ջուրը թեթեւ ծփում էր, երբեմնի կարապները՝ սեւ եւ ճերմակ բացակայում էին։ Ելոյթ ունեցաւ «Ալեքսանդրապոլ» երաժշտախումբը՝ կենդանի կատարմամբ...
«Գարեջրի տրամադրութեամբ լեցնենք մեր օրը, հիւրասիրութիւն է սպասւում աւելի աքթիւ մարդկանց»,-խոստանում էին միջոցառման վարողները, սակայն իմ ուղեկիցներին չէր հրապուրում «ով աւելի շատ կը խմի կամ ով աւելի շուտ կը խմի մրցոյթները» եւ մենք անցանք օփերայի շուրջ գտնուող քաֆէներից մէկը եւ այստեղ խմեցինք մեր պատուիրած սուրճն ու գարեջուրը։ Խմիչքի գաղտնիքը նրանում է, որ բաւ է մի կում ըմպես, աշխարհը փոխւում է եւ աւելի հրապուրիչ է դառնում. իրականութիւնը դադարում է այդքան ճղճիմ ու ձանձրալի երեւալ, նոյնիսկ այս Գարեջրի փառատօնով հանդերձ։ Խմելիս բացայայտեցի նաեւ օրերս կեանքին վերջ տուած ամերիկեան դերասան Ռոպին Ուիլիամսի մահուան պատճառը. նրան այլեւ ո'չ խմիչքը, ո'չ էլ թմրանիւթն էին օգնում իրականութիւնը փոխելու գործում։
Խմէ՛ք, պարոնայք, գարեջուր, բայց մի՛ հասէք այն աստիճանի, որ գարեջուրը ձեզ խմի եւ ի վերջոյ խորտակի։