Հրանդ Տինքի 60-րդ Սեպտեմբերը նշւում է արդարութեան ձգտող բոլոր աշխարհներում եւ Հրանդն արդէն որպէս 20-րդ դարի առասպել պիտի անթիւ 15 Սեպտեմբերներ տողանցի։
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
Մարդ երեք անգամ է ծնւում։ Երկրորդ անգամ նա ծնւում է, երբ ապացուցում է, որ իզուր չի ծնուել։ Իսկ երրորդ անգամ նա աշխարհ է գալիս մահից յետոյ։ Գնա մեռի–արի սիրեմ։ Այո, այս ասուածքի մէջ մեծ իմաստ կայ. մահն է որոշում, ով պիտի գնայ եւ ով պիտի մնայ։ Հրանդ Տինքի 60-րդ Սեպտեմբերը նշւում է արդարութեան ձգտող բոլոր աշխարհներում եւ Հրանդն արդէն որպէս 20-րդ դարի առասպել պիտի անթիւ 15 Սեպտեմբերներ տողանցի։
Երբ դիտում ես մրջիւնների, մեղուների աշխատանքին, ապա զարմանում ես. ուղեղ չունեն, բանականութիւն չունեն, բայց ի՛նչ ողջամիտ են իրականացնում իրենց գործառոյթները, իսկ մարդի՞կ, կարծես, հենց նրա համար են աշխարհ գալիս, որպէսզի պատերազմեն եւ ոչնչացնեն միմեանց։ Յանցաւորը հենց ուղեղն է, որովհետեւ ամէն ուղեղ իր պատկերացումներն ունի, այսինքն բանականութիւնը միախոհութիւն չէ, այլ բազմախոհութիւն է ապահուվում, յանգեցնելով սակայն ոչ թէ խաղաղ վէճերի, այլ անհանդուրժողականութեան, թշնամութեան, վերջապէս տարբեր մտածելակերպ ունեցողների ոչնչացման։ Երանի՛ տանք մրջիւններին։
Կեանքիս կէսը անցաւ մի երկրում, որը թոթալիտար ռեժիմ ունէր, եւ բոլորը անխտիր պիտի ունենային նոյն մտածելակերպը (նոյն այսինք ոչ մի, քանզի նոյն ձեւի մտածում են միայն մտածելու ունակութիւնից զրկուածները)։ Եթէ ոեւէ մէկը խախտում էր միախոհութիւնը, ապա նրան այլախոհ էին հռչակում եւ ուղարկում հոգեբուժարան, որտեղ կանոնաւոր ներարկումների արդիւնքում նա իրօք հոգեկան հիւանդ էր դառնում, ուստի Յոսիֆ Բրոդսկին (1940-1996, ռուս բանաստեղծ, վտարուած Սովետական Միութիւնից եւ 1987-ին արժանացած Նոպելեան մրցանակի), օրինակ, ասում էր, որ բանտարկութիւնը աւելի նախընտրելի է, քան հոգեբուժարանը։ Թէպէտ իրօք իսկական հոգեկան հիւանդ պէտք էր լինել՝ այլախոհութիւնը դրսեւորելու համար նման պետական համակարգում։ Բոլորը անխտիր Սովետական Միութիւնում գիտէին, որ գաղափարախօսութիւնը սուտ է, հեռատեսիլը ստում է, Կոմունիստական կուսակցութեան անդամները ստում են, համագումարներում սուտ ճառեր են ասում, իսկ քուէարկութեան ժամանակ բոլորը կողմ են (մի անեկդոտ կար. ամէնքը դէմ են, բայց բոլորը՝ կողմ), եւ ղեկավարը գիտի, որ սուտ է ասում, եւ քաղաքացիները գիտեն, որ սուտ են լսում եւ այդ ձեւականութեան մէջ գոյատեւում էինք, ունենալով գէթ մի երազանք՝ փախչել այստեղից։ Մենք ասում էինք, որ հասել ենք զարգացած սոցիալիզմի եւ դա սուտ էր, որովհետեւ չէր համապատասխանում իրականութեանը։
Այսօր Ռուսաստանի Դաշնութիւնում հեռատեսիլի բոլոր քանալներով կրկին սուտ է քարոզւում, սակայն ի տարբերութիւն սովետական շրջանի, լայն զանգուածները ներկայիս սուտին հաւատում են։
Եթէ համեմատենք Թուրքիայի քաղաքականութեան հետ, ապա ի տարբերութիւն Սովետական Միութեան սուտի, Թուրքիայի սուտը կեղծարարութիւն է, այսինքն մի իրականութեան փոխարէն հրամցւում է կեղծը եւ պետական քարոզչութեան միջոցով հաւատացնում ժողովրդի մեծամասնութեանը. «Հայերը դաւաճանել էին, միացել էին ռուսների հետ, պետութիւնը ստիպուած եղաւ նրանց տեղահանել, նրանք էլ ճանապարհին անխնայ ոչնչացան»։ Ու մէկ էլ այս կեղծարարութեան մէջ ներթափանցում է Հրանդի ահեղ ձայնը. «Երբե՛ք ձեր մտքից չհանէք, որ ճշմարտութիւն իմացողների հետ էք ապրում։ Ձեր գրածները կարդո՛ւմ ենք եւ ասածները լսո՛ւմ»։
Ա՛յ քեզ համարձակութիւն։ Միթ՞է չէր վախենում։ Այլեւս վախենար-չվախենար. ասեց այն, ինչ պիտի ասէր ու էլ ոչ ոք կարող էր նրան զսպել։ Թուրքիայում դա այլախոհութիւն չէր։ Սա ազատախոհութիւն եւ ազատախօսութեան յանդգնութիւն էր։ Անլսելի։ Աներեւակայելի։ Եւ ի՛նչ դառը հիացմունքի գետ յորդեց Ստամբուլի փողոցներով 2007-ի Յունուարի 19-ին, երբ սպանութիւնը փարատեց Թուրքիայի եւ հայ եւ թուրք շրջանակներում տիրող կասկածը, թէ իբր Հրանդի համարձակութեան յետեւում ինչ-որ հովանաւորող ուժեր կային։ Պարզուեց, որ Հրանդը այս տեղեկատուական պատերազմի միայնակ զինուորն էր։ Իսկ այդպէս լինում է միայն առասպելներում։
Առասպելական Հրանդին երգեր են նուիրում, որտեղ ողբում են, թէ հերոսը օտարի ձեռքով գնաց։ Ո՛չ, պարոնա՛յք, Հրանդը նաեւ օտարին հարազատ դարձրեց։ Թշնամուն վերացրեց, դնելով նրան չակերտների մէջ։ «Թշնամին» գնաց նրա յետեւից։ Ողբը մերն էր, ամօթը՝ նրանց, վիշտը մերն էր, անդառնալիութեան ցաւը՝ նրանց, հերոսը մերն էր, հերոսը՝ նաեւ նրանց…։