Հայաստանը երէկ եւ այսօր

Աշխարհում գրեթէ ամէն օր է մի նոր կլոպալ իրադարձութիւն է կատարւում, որը կարող է ազդեցութիւն ունենալ բոլոր մեծ եւ փոքր երկրների վրայ։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Աշխարհը կրկին 100 տարի անց վերադառնում է ելման կէտին։ Աշխարհասփիւռ հայերը համագումարուելով 5-րդ անգամ 19-20 Սեպտեմբերին, կրկին ինչպէս եւ 100 տարի առաջ, չեն ուզում դիտել իրենց խնդիրները կլոպալ փոփոխութիւնների համաթեքստում. համագումարի սկզբին Ղարաբաղ-Ատրպէյճան սահմանում զինուոր ընկաւ, իսկ համագումարի աւարտին Տէր Զօրի եկեղեցին ռմբակոծուեց։

Համագումարի սկզբին Եւրոպայում տեղի ունեցաւ Սկովտիոյ Մեծն Բրիտանիոյ կազմից առանձնանալու հանրաքուէն, իսկ համագումարի աւարտին ՌԴ-ում տեղի ունեցաւ խաղաղութեան երթ, որի ատեն մտաւորականները վանկարկում էին «Ո՛չ պատերազմին՝ Ուքրայինայում»։ Այս իրադարձութիւնները ցոյց են տալիս, թէ որքան մենք հեռու ենք Եւրոպայից (իր ժողովրդավարութիւնով) եւ իրական անկախութիւնից։ Սկովտիան առանձնանալու համար ընդամէնը իր ձայնը պիտի տար, այլ ոչ արիւնը, ինչպէս Ղարաբաղը։ Իսկ Ուքրայինայի կամ Վրաստանի ցանկութիւնը՝ սլաքը թեքել Ռուսաստանից դէպի Եւրոպա, Ռուսաստանի կողմից արժանացաւ դաժան հարուածի. Վրաստանում 2008-ին Blitzkrieg-ի տեսքով, այսինքն կարճ պատերազմով, իսկ Ուքրայինայում չյայտարարուած պատերազմով, որի արդիւնքում Ուքրայինայի արեւելեան հատուածներից բնակիչները փախչում են Ռուսաստան, այնտեղից էլ փախստականներին ուղարկում են Սիպիր, այսպէս են փրկում ռուսական իշխանութիւնները Ուքրայինայի բնակչութեանը եւրոպական վարակից։

21-ի Սեպտեմբերին նշեցինք մեր Անկախութեան տօնը։ Անկախ Հայաստանը դեռ շատ հեռու է նաեւ իրական անկախութիւնից, կախուած լինելով Ռուսաստանի, աւելի ճիշդ Քրեմլի կամայականութիւնից արտաքին քաղաքականութեան մէջ, իսկ ներսում՝ մէկ մարդու, այսինքն նախագահի կամքից։ Խիստ քաղաքականացուած հասարակութիւն ունենք, իսկ սա նշանակում է որ այսօր քաղաքականութիւնը թափանցում է բոլոր ոլորտները եւ չի թողնում տնտեսութեանը զարգանալ։ ՀՀ-ը մի երկիր է, որտեղից մարդիկ փախչում են, իսկ եթէ ներգաղթում են, ապա միայն մահուան սպառնալիքի ներքոյ. խօսքը անշուշտ սուրիահայերի մասին է, որոնք ունեն Սուրիահայերու Փրկութեան Միութիւն, որը լատինատառ գրւում է Souriahayerou Pergoutyan Miyoutyoun։

Եւ ի՞նչ տպաւորութիւն ստացան Միութեան անդամները 5-րդ համագումարից։ Ահա հրաշալի մի եզրակացութիւն, արուած սուրիահայ մտաւորական Հրայր Ագուլեանի կողմից, որն այժմ ապրում է Երեւանում.

«Երէկ աւարտեցաւ Հայաստան-Սփիւռք 5-րդ համագումարը։ Մօտաւորապէս 6 ժամ հարիւրի հասնող մարդիկ զբաղեցան սուրիահայերու թեմաները ծեծելով։ Հնչեցին զանազան միտքեր եւ կարծիքներ։ Եղան անախորժ խօսքեր եւ արձանագրուեցան անքաղաքավար պարագաներ։ Արուեցան անհատական գովաբանութիւններ եւ անձնական հին հաշիւներ լուծելու առիթներ։ Ինքնագովաբանութիւնը միշտ ներկայ էր։ Համեստութիւնը միշտ բացակայ էր նոյնիսկ այն մարդոց քով, որոնք խոնարհ ըլլալու ուխտ ըրած էին։ Ներկաներուն մեծ մասը գիտէին զիրար, հետեւաբար ըսածներուն մեծ մասը կրկնութեան նման բաներ էին…»

Հայոց աշխարհը կրկին վտանգի տակ է եւ այդ ֆոնին ոչ մի լուրջ արդիւնք չենք կարող արձանագրել։ Ուստի համագումարը կարելի է բնութագրել մի ասուածքով. լեցնել դատարկ տեղից պարապ տեղ կամ ջուր ծեծել։ Հաւաքւում ենք, որպէսզի ասենք-խօսենք, շփուենք միմեանց հետ գորշ զեկոյցների ֆոնին։

Առջեւում ցեղասպանութեան 100-ամեակն է, որը պիտի անցնի միջոցառումների մակարդակին, այսինքն մենք ինքներս մեզ պիտի պատմենք, թէ ինչ են մեզ հետ արել եւ ուրացել, սակայն այդ ո՞րտեղ էք տեսել, որ ոճրագործը ինքը իր մեղքը խոստովանի, ինքը իր դէմ դատ բացի եւ դատապարտուի։ 23 տարուայ պետութիւնը դեռահաս դպրոցականի պէս միջոցառումների շարք պիտի պատրաստի, նման կերպ դատապարտելով դարի ոճրագործութիւն իրականացնող պետութեան իրաւայաջորդին։

Առայժմ հասարակութեան սպասումները աւելին են, քան Հանրապետական կուսակցութեան ռեժիմը կարող է բաւարարել։ Ռեժիմի սպասաւորներն էլ անկարող են երկրի առաջ ծանրացած մարտահրաւէրներին դիմակայել։ Հայաստանի  ղեկավարների մտահոգութեան կեդրոնում է պարիսպը, որը պիտի ժողովրդի աչքից ծածկի իրենց առանձնատները։ Այսօր նրանք ոչինչ կարող են առաջարկել բացի պարգեւներից, նաեւ յետմահու, եթէ պարգեւատրւում է հայրենիքի համար կեանքը զոհաբերած զինուորը։ Սփիւռքը պայքարում է ցեղասպանութեան ճանաչման համար, սակայն մի բան է համայնքի պայքարը, միւսը՝ երկրի, բայց դրա համար պէտք հզօր երկիր դառնալ։ Իսկ մինչ երկիրը կայանայ, հզօր քայլի է պատրաստւում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը, որը յայտարարեց 5-րդ համագումարին, թէ դիմելու է Թուրքիոյ Սահմանադրական Դատարան, պահանջելով պատմական կեդրոն Սիսի Կաթողիկոսարանի վերադարձը իր իրաւատիրոջ՝ հայ եկեղեցւոյ եւ հայ ժողովուրդին։